ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն, մարտի 11-13-ն անցկացվում է «Անտառային եւ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության ապահովում»  թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի եւ խմբի պետեր՝ 14 փրկարար:

Եռօրյա դասընթացի առաջին օրը տեսական դասեր են, հաջորդ օրերին՝ գործնական պարապմունքներ՝ ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում:

Վերապատրաստման թեմաներն են. «Անտառային եւ այլ բուսածածկ տարածքների հրդեհների իրավական ապահովումը անտառային եւ այլ բուսածածկ տարածքների հրդեհների ընդհանուր նկարագիրը, դրանց առաջացման պատճառները, տարածման ու հրդեհային վտանգավորության գործոնները», «Անտառային եւ այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգությունը, ժամանակակից ռոբոտատեխնիկական համակարգերի կիրառումը անտառային եւ բուսածածկ տարածքների հրդեհների դեպքում», «Անտառային հրդեհների աշխարհագրական տեղեկատվական համակարգեր, անտառային հրդեհների հետախուզումը», «Անտառային եւ այլ բուսածածկ տարածքների հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում եւ իրականացում» եւ այլն:

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը նշեց՝ գործնական պարապմունքը տեւել է 16 ժամ, նպատակն էր վերապատրաստել փրկարարներին որպես հրահանգիչներ, որպեսզի նրանք կարողանան հետագայում ավելի արդյունավետ կազմակերպել իրենց փրկարարական դասերը:

Թեման ընդհանուր հրդեհաշիջումն էր բոլոր հնարավոր միջոցներով՝ մոտոպոմպ,  մարտկոցային եւ ներքին այրման շարժիչով ջրային սրսկիչներ, հրշեջ-մեքենայում առկա պոմպի եւ ջրի փափուկ բաքի օգտագործում եւ այլն:

Ըստ սցենարի՝ կար հրդեհի չորս օջախ, փրկարարները խմբերով կատարել են բացազատում եւ հրդեհաշիջում: Գործնական դասընթացի վերջում խաղարկվել է դեպքի ահազանգ, եւ փրկարարները հստակ ժամանակահատվածում իրականացրել են համապատասխան գործողություններ:

Վարժանքին հետեւել ու գնահատել են ՃԿՊԱ դասախոսներ Հարություն Ղազարյանը, Հայկ Ղազարյանը եւ Հովսեփ Բադալյանը:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ