ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն,  փետրվարի 14-16-ն անցկացվում է «Էլեկտրամոբիլների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգության ապահովում» եւ «Արեւային էլեկտրակայանների հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման եւ իրականացման առանձնահատկությունները» թեմաներով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են փրկարար ծառայության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի փրկարարական վարչության տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների օղակի հրամանատարներ եւ խմբի պետեր՝ 15 փրկարար: Այլ մարզերի փրկարարների համար այս թեմայով վերապատրաստում էր կազմակերպվել հունվարին,  իսկ Երեւանի փրկարարների համար՝ փետրվարին:

Եռօրյա դասընթացի առաջին երկու օրը տեսական դասախոսություններ են, վերջին օրը՝ գործնական աշխատանք՝ «Տեսլա Էներջի» ընկերության արհեստանոցներում: Վերապատրաստման թեմաներն են. «Այլընտրանքային էներգիայի նկարագիրը. արեւային ջրատաքացուցիչներ, դրանց տեսակները եւ հրդեհավտանգությունը», «Էլեկտրական ավտոմեքենաների նկարագիրը եւ կառուցվածքը», «Արեւային էլեկտրակայանների նկարագիրը, դրանց տեսակները, արեւային էլեկտրակայանների վտանգավոր գործոնները», «Հիբրիդային ավտոմեքենաների նկարագիրը եւ կառուցվածքը», «Արեւային էլեկտրակայաններում առաջացած հրդեհների առաջացման հիմնական պատճառներն ու դրանց մարման առանձնահատկությունները», «Էլեկտրական ավտոմեքենաների վթարի դեպքում անվտանգության ապահովում», «Այլընտրանքային էներգիայի աղբյուր հադիսացող հողմային էլեկտրակայանների նկարագիրը եւ դրանց հրդեհաշիջման առանձնահատկությունները», «Փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում էլեկտրական ավտոտրանսպորտային պատահարների դեպքում», «Էլեկտրական ավտոմեքենաների սպասարկման սրահում մեքենաների առանձնահատկությունների, կոնստրուկցիաների ծանոթացում եւ անվտանգության ապահովման ցուցումներ», «Արեւային էլեկտրակայանների տեսակները, կառուցվածքը, առանձնահատկությունները եւ անվտանգության ապահովումը» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները` Վահրամ ԱՎՈՅԱՆԻ