Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի մանկապարտեզում անցկացվել է «Կրակը՝ մեզ բարեկամ, կրակը՝ թշնամի» բաց դաս, որին մանկապարտեզի տնօրենի հրավերով ներկա են եղել եւ հետեւել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը եւ դասախոսներ փ/ծ մայոր Սուսան Գեւորգյանն ու փ/ծ կապիտան Անդրանիկ Խաչատրյանը: Բաց դասի նպատակն էր ամրապնդել եւ ընդլայնել հրդեհի մասին երեխաների գիտելիքները, ծանոթացնել արտակարգ իրավիճակներում անվտանգության կանոններին:
Դասի ժամանակ հարցուպատասխան ձեւաչափով երեխաները ներկայացրել են հրդեհի կանխման կանոնները (լուցկին խաղալիք չէ եւ այլն) եւ հրդեհի ժամանակ անվտանգության կանոնները (շնչուղիները ծխից պաշտպանել խոնավ շորով եւ այլն): Վերջում խաղարկվել է բնակարանում հրդեհի մարում: Փոքրիկ «հրշեջ-փրկարարները» մարել են հրդեհը եւ մեկ անգամ խոսել անվտանգության կանոններից ու աղետից խուսափելու համար ճիշտ վարքականոնից:
Վերջում ՃԿՊԱ ներկայացուցիչները երեխաների համար ցուցադրել են հրդեհային անվտանգության թեմայով երկու փոքրիկ ուսուցողական ֆիլմ՝ էլ ավելի ամրապնդելով փոքրիկների ստացած գիտելիքները:
Հարություն Ղազարյանի խոսքով, մանկապարտեզի տարիքից անվտանգության մշակույթի ձեւավորմանն ուղղված կրթությունը եւ ուսուցումը չափազանց կարեւոր են, որ նախ կանխվեն հրդեհները, իսկ առաջանալու դեպքում երեխաները խուճապի չմատնվեն, տեղեկացնեն մեծահասակներին եւ զանգահարեն փրկարարներին:
Լուսանկարները տրամադրել են դասախոսները