ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում՝ 1988 թվականի դեկտեմբերի յոթի Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, այսօր՝ դեկտեմբերի յոթին, բաց դռների օր էր: Միջոցառումը կազմակերպել էր ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետը:

Ակադեմիա այցելեցին ուսանողներ ու դասախոսներ գործընկեր բուհերից՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին կից ֆինանսատնտեսագիտական քոլեջից, Երեւանի պետական տեխնոլոգիական, Երեւանի պետական հումանիտար եւ Երեւանի հայ-հունական պետական քոլեջներից, Մանկապատանեկան հանրապետական կենտրոնից, Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցից: Ներկա էին նաեւ համայնքների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության միավորումների ղեկավարները: Ներկա էին նաեւ ՃԿՊԱ ղեկավարությունը եւ ուսանողներ:

Տարբեր տաղավարներում ցուցադրվեցին փրկարարական, ջրափրկարարական եւ առաջին օգնության գույք-սարքավորումներ, մասնագիտական հանդերձանք, տեխնիկական միջոցներ, վարժասարքեր եւ այլն:

Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի մեթոդիստ, խմբակավար Տաթեւիկ Պետրոսյանը նշեց, որ ՃԿՊԱ-ի հետ համագործակցությունը շարունակական է, կենտրոնի խմբակավարները պարբերաբար այստեղ վերապատրաստում են անցնում: Ճիշտ է՝ երեխաներն ընդհանուր գիտելիք ունեն գույք-սարքավորումների մասին, սակայն միշտ ավելի բովանդակային է, երբ թեման ներկայացնում է ոլորտի մասնագետը: ՄՀԿ խմբակներում շատ սաներ կան, որոնք ակադեմիայի ուսանող են: Կենտրոնը շատ է կարեւորում անվտանգության կազմակերպման պրակտիկ հմտությունները, անցկացնում ճամբարներ ու մրցույթներ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին կից ֆինանսատնտեսագիտական քոլեջի դասախոս Նունե Անդրյանը վերհիշեց, որ իր ուսումնառության տարիներին արտակարգ իրավիճակների վերաբերյալ առարկա չէր դասավանդվում, իսկ այսօր անվտանգության իմացությունը պարտադիր է դառնում՝ հատկապես տղաների համար, որոնք պատրաստվում են զորակոչվել հայոց բանակ: «Յուրաքանչյուրս պետք է անընդհատ խոսի երկրաշարժի ու տարհանման մասին, պետք է շատ վարժանքներ կազմակերպվեն: Կարծում եմ՝ այդպես կփոխվի մարդկանց մտածելակերպը»,- հավելեց կուրսղեկը:

Ուսանողուհի Ռոզի Կարապետյանին հետաքրքրեցին առաջին օգնության ու ջրասուզական պարագաները: Զբաղվում է լողով, էքստրիմի սիրահար է: Հիշում է, թե ինչպես է տարիներ առաջ կարողացել հմտորեն անշարժացնել դասընկերոջ կոտրված թեւն ու հասցրել բուժկետ: Վստահ է՝ անկախ քո մասնագիտությունից՝ արտակարգ իրավիճակներում գործելու կանոնները պետք է իմանալ:

Առաջին օգնության տաղավարում ուսանողներն զարմացրին հատկապես պնեւմատիկ պատգարակն ու վերքերի մուլյաժները: Փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ մայոր Սուսան Գեւորգյանը նկատեց՝ երեխաներից հաճախ լսում է, որ իրենց այդ գիտելիքը երբեւէ պետք չի գա, քանի որ այդ ոլորտում չեն աշխատելու. «Ես նրանց բացատրում եմ, որ ոչ ոք ապահովագրված չէ, եւ տուժածի դերում կարող է լինել քո ամենամտերիմ մարդը: Եթե դու կարողացար առաջին 4-7 րոպեների ընթացքում ճիշտ հերթականությամբ նրան օգնություն ցույց տալ, նա կկարողանա առանց հետեւանքների վերադառնալ իր նորմալ կյանքին: Ամեն րոպեն թանկ է»:

Փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը ներկայացրեց հակահրդեհային գույքը, անհատական պաշտպանության միջոցները, ծուխ արտադրող նորագույն սարքավորումը, որի շնորհիվ փրկարարներն այսօր ավելի հմտորեն են աշխատում ծխապատ գոտում: Ներկաները հարցեր տվեցին կրակմարիչների տեսակների եւ օգտագործվող նյութերի վերաբերյալ:

ՃԿՊԱ տեղեկատվական տեխնոլոգիաների խմբի ռոբոտատեխնիկայի լաբորատորիան ցուցադրեց վերջերս ներդրած անօդաչու սարքեր վարելու սիմուլյացիոն ծրագիրը: Ծրագրավորող Արման Հակոբյանը պատմեց տարբեր դրոնների ու դրանց կառավարման դժվարությունների մասին: ՃԿՊԱ միջին մասնագիտական ծրագրի երրորդ կուրսի ուսանող Հովհաննես Պետրոսյանը կարողացավ անօդաչու սարքն անվտանգ հասցնել նախանշված վայրը: Ժպիտով նշում է՝ բանակից զորացրվելուց հետո մտադիր է փոխել մասնագիտությունը եւ լրջորեն զբաղվել հեռակառավարվող սարքերի ստեղծմամբ: Արման Հակոբյանի խոսքով՝ նոր ուսումնական տարում նախատեսում են ակտիվացնել ՃԿՊԱ ուսանողների պրակտիկ դասերը:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակացույցը՝ այստեղ: