Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողների 2023 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, նոյեմբերի 20-24-ն անցկացվում է ՆԳՆ փրկարար ծառայության մայրաքաղաքի եւ բոլոր մարզերի փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների տեղակալների վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում է 12 փրկարար: Դասընթացի առաջին երկու օրը՝ տեսական դասեր են, հաջորդ երկու օրը՝ գործնական պարապմունքներ ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում, վերջին օրը՝ ստուգարք:

Վերապատրաստման թեմաներն են. «Փրկարարական աշխատանքների կազմակերպումը ավտոտրանսպորտային վթարների դեպքում», «Էլեկտրական ավտոմեքենաների վթարի դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգության ապահովում», «Հրշեջ-փրկարարական ջոկատում տեսական եւ գործնական պարապմունքների կազմակերպման մեթոդական ցուցումներ», «Փրկարար ծառայության գործունեության իրավական ապահովում», «Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը», «Փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցների եւ սարքավորումների շահագործման կազմակերպումն ու աշխատանքների անվտանգության ապահովումը», «Այլընտրանքային էներգիայի աղբյուր հանդիսացող արեւային եւ հողմային էլեկտրակայանների հրդեհաշիջման առանձնահատկությունները», «Փլուզված շինություններում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Բարձրահարկ շինություններում եւ թեք լանջերում փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ անվտանգության ապահովումը ալպինիստական պարանների միջոցով», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում եւ իրականացում տարբեր գործառնական նշանակության շինություններում», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Բարձր կանչերի, բարդ եւ երկարատեւ հրդեհների դեպքում հրդեհաշիջման շտաբի կազմակերպումը», «Փրկարար ծառայողների ֆիզիկական պատրաստության նպատակը, խնդիրներն ու իրավական ապահովումը, ընդհանուր ֆիզիկական պատրաստության կազմակերպման առանձնահատկությունները» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ