Ինչպես ցանկացած այլ ամսին, հոկտեմբերին եւս, Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կազմակերպվել են ուսանողների ոչ ֆորմալ կրթության ծրագրեր:

Հոկտեմբերի 14

«Հայոց պատմության հիմունքներ» առարկայի դասախոս Կարո Գալոյանի նախաձեռնությամբ բակալավրի կրթական ծրագրի «Փրկարարական գործ» մասնագիտության առաջին կուրսի 20 ուսանող քայլարշավով անցել են Դիլիջանի ազգային պարկի տարբեր տեսարժան վայրերով՝ թաքնված ջրվեժ, Դիմաց լեռ, Հաղարծին վանական համալիր եւ այլն: Ապագա փրկարարները ոտքով անցել են 18 կմ: Քայլարշավը հայկական լեռնաշխարհին ծանոթանալու, ֆիզիկական պատրաստվածությունը կատարելագործելու հիանալի հնարավորություն է:

Հոկտեմբերի 17, 19, 20

Բակալավրի կրթական ծրագրի «Փրկարարական գործ», «Հրդեհային պաշտպանություն» եւ «Քաղաքացիական պաշտպանություն»   մասնագիտությունների երրորդ եւ չորրորդ կուրսերի ուսանողները «Տրանսպորտային վթարների դեպքում փրկարարական աշխատանքների իրականացման տեխնոլոգիաներ», «Փրկարարական աշխատանքների կազմակերպում», «Հակագազածխային պաշտպանություն», «Փրկարարական պատրաստություն» թեմաներով գործնական պարապմունքներ են անցկացրել ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում: Գործնական պարապմունքը անցկացնում էին ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը եւ ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը:

Գործնական պարապմունքի ժամանակ ուսանողները ստացան իրավիճակային առաջադրանքներ, աշխատեցին հրդեհաշիջման աշխատանքներում կիրառվող շնչառական ապարատներով, փրկարարական աշխատանքներում կիրառվող մեխանիկական գործիքներով եւ սարքավորումներով: Փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցների կիրառման հետ միաժամանակ ուսանողներին ներկայացվում են այդ միջոցների կիրառման անվտանգության հիմնական կանոններն ու պահանջները:

Հոկտեմբերի 17

ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» եւ «Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջի» համագործակցության շրջանակներում քոլեջի 15 ուսանող, դասախոսների ուղեկցությամբ եղել են ՃԿՊԱ-ում, ծանոթացել ակադեմիայի կրթական ծրագրերին, ուսման պայմաններին, ՃԿՊԱ դասախոս, փ/ծ մայոր Սուսան Գեւորգյանը քոլեջի ուսանողների համար առաջին օգնության դաս է անցկացրել: ՃԿՊԱ-ում ուրախ կլինեն, եթե «Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջի» շրջանավարտները ընդունվեն ակադեմիայի բակալավրի կրթական ծրագիր:

Հոկտեմբերի 18

ՃԿՊԱ մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզաննա Ղարիբյանի ու «Ճգնաժամային կառավարման» ամբիոնի դասախոս Կարո Գալոյանի ուղեկցությամբ ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի ավելի քան 30 ուսանող այցելել են Էրեբունի թանգարան, եղել ամրոցում ավերակներում, ծանոթացել Վանի թագավորության հարուստ ժառանգությանը:

Հոկտեմբերի 20

Միջին մասնագիտական կրթական ծրագրի առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողները հանդիպել են ՃԿՊԱ շրջանավարտ, այժմ՝ դասախոս Յուրի Սաքունցին: Ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ձեռնամարտի աշխարհի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցի հետ անկեղծ զրույցի ժամանակ ասվել է, որ դժվարություններից չեն փախչում կամ հիասփաթվում բռնած ճանապարհից: Ըստ Յուրի Սաքունցի, ակադեմիան օգնում է կարողություն եւ հմտություն ձեւավորել: Յուրի Սաքունցը մտադիր է հետբուհական կրթությունը (հայցորդությունը) շարունակել ակադեմիայում:

Հոկտեմբերի 25

Միջին մասնագիտական կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողները, կուրսղեկ Գայանե Վարդանյանի ուղեկցությամբ եղել են «Հայաստանի երկաթուղու թանգարանում», ծանոթացել հայկական երկաթուղու պատմությանը: Թանգարանը բացվել է 2009 թվականին: Ցարական Ռուսաստանի մաս Հայաստանում նախ կառուցվել է Թբիլիսի-Ալեքսանդրապոլ (Գյումրի)-Կարս երթուղին: Շինարարությունը սկսվել է 1896 թվականին: Առաջին գնացքը Գյումրի է ժամանել 1899 թվականին: Գյումրի-Երեւան երկաթուղին շահագործման ենթարկվել 1902 թվականին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են դասախոսները: