Նոյեմբերի 5-ին Հայաստանի ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտի բազմակի մեդալակիր, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը մասնակցել է բռնցքամարտի միջազգային առաջնության, որն անցկացվում էր Չեխիայի Ուստի-Նադ-Լաբեմ քաղաքում։ Երկու ռաունդում բազմաթիվ հարվածներով եւ նոկդաունով թուլացնելով չեխ բռնքամարտիկ Պետեր Ջինային՝ Յուրին երրորդ ռաունդում նոկաուտով դարձել է առաջատար։
Նրա խոսքով՝ այս հաղթանակը շատ պատասխանատու էր, քանի որ իր մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում 60-ից ավելի մենամարտ ունեցած մարզիկ էր։ «Բռնցքամարտում դժվարություններ միշտ են լինում։ Ամեն վայրկյան ուզում ես հանձնվել՝ երբ հարվածներ ես ստանում, երբ քո հարվածը նպատակին չի հասնում։ Շատ ես հոգնում։ Բայց սա սպորտ է, պիտի սովորես թուլությունդ հաղթահարել»,- ասում է Յուրին։
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս հայ մարզիկին Չեխիայում դիմավորել են տեղի հայերը, ամբողջ մրցաշարի ընթացքում ոգեւորել նրան ու կիսել հաղթանակի բերկրանքը։ ՃԿՊԱ դասախոսը նշեց՝ օտարության մեջ իր թիկունքում այնպիսի ուժ էր զգում, այնպիսի միասնություն, ինչը մեզ շատ է պակասում այսօր։ Մրցման ժամանակ Յուրիին աջակցում էր նաեւ «Ապրեյան բոքսինգ» թիմի նախագահ Համլետ Ապրեյանը, որը նաեւ Սաքունցի մարզիչ է։
Այս արդյունքով երիտասարդ մարզիկը կրկին բարձրացրեց իր վարկանիշը միջազգային հարթակում։ Հաջորդ մրցաշարերին մասնակցելու համար հովանավորներ են պետք։ Բացի հարազատներից ու ընկերներից՝ մարզիկի գործունեությանը ֆինանսապես աջակցում են նաեւ անծանոթ մարդիկ։ Իհարկե ցանկալի կլիներ, որ բռնցքամարտում նման շոշափելի հաջողությունները գրավեին նաեւ պետական կառույցների ուշադրությունը։
Վերջում Յուրին մտաբերեց մրցումից առաջ իր մոտիվացիոն հանդիպումը ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողների հետ․ «Այնքան լավ երեխաներ էին։ Ես նրանց մի խորհուրդ տվեցի՝ գլուխը բարձին դնելուց առաջ մտածել,թե այդ օրն ինչ ես արել քո համայնքի, քո հայրենիքի համար։ Պատերազմից հետո մենք պետք է կրկնակի պայքարենք, ամեն մեկս մեր ներդրումն ունենանք՝ այս դժվարին իրավիճակում մեր երկիրն աշխարհին ներկայացնելու համար»։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Յուրի Սաքունցը