ՀՀ ներքին գործերի փոխնախարար-փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը երեկ այցելել էր ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա»` ծանոթանալու փրկարարների ատեստավորման գործընթացի նախապատրաստական աշխատանքներին։
Կամո Ցուցուլյանը՝ փ/ծ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանի եւ ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանի ուղեկցությամբ եղավ տեխնիկական սարքավորումներով հագեցած եւ հատուկ կահավորված այն լսարանում, որտեղ հոկտեմբերի 23-ից կմեկնարկի ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ծառայողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու եւ հավելավճար հաշվարկելու նպատակով կամավոր ատեստավորման գործընթացը։ Ատեստավորումը բաղկացած է մի քանի փուլից. ստուգվում են ընդհանուր զարգացվածությունը, ֆիզիկական պատրաստականության աստիճանը, մասնագիտական գիտելիքների իմացությունը։ Արդյունքում, ըստ արձանագրած ցուցանիշների, կբարելավվեն ծառայողների սոցիալական երաշխիքները։
Փ/ծ տնօրենը ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարողին տվեց հստակ հանձնարարականներ եւ ցուցումներ՝ ատեստավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու եւ անցկացնելու ուղղությամբ։
Այնուհետեւ ՓԾ տնօրենը շրջայց կատարեց ակադեմիայում, ծանոթացավ ուսումնական հաստատության լսարանային պայմաններին, գրադարանին, ՏՏ լաբորատորիային եւ նյութատեխնիկական հագեցվածությանը, կրթական եւ վերապատրաստման ծրագրերին, աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին, եղավ ակադեմիայի գույքի եւ տեխնիկայի պահպանման պահեստներում, ծանոթացավ գործնական պարապմունքների համար առկա տեխնիկական միջոցներին եւ դասընթացների անցկացման հնարավորությունների ամբողջ շրջանակին, տվեց մի շարք հանձնարարականներ։ Նաեւ հետեւեց դասապրոցեսին, զրուցեց պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ։
Փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը ՓԾ տնօրենին ներկայացրեց ոլորտին առնչվող ՃԿՊԱ գրադարանում առկա հարուստ մասնագիտական գրականությունը, որն անընդհատ թարմացվում եւ լրացվում է: Ըստ Կամո Ցուցուլյանի, մասնագիտական ոլորտում կրթության նորարարական մեթոդների ներդրումն ու կիրառումը անհրաժեշտություն են: ՓԾ տնօրենը պատրաստ է աջակցել ցանկացած խնդրի լուծմանը: