«Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման եւ համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում, այս տարվա հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում անցկացվեց փրկարարական, միջազգային, դաշտային վարժանք, որին մասնակցում էին «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող քաղաքային որոնողափրկարարական թիմեր Հայաստանից, Մոնտենեգրոյից, Ֆրանսիայից, Կիպրոսից, Հունաստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Վրաստանից: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Վարժանքի ղեկավարի տեղակալը աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի համակարգող, ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանն էր, իսկ ՃԿՊԱ կարեւոր դեր ուներ: Ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի բազմաթիվ դասախոսներ մասնակցել են թե սցենարի մշակմանը, աշխատանքային տեղամասերի նախապատրաստմանը, թե բուն վարժանքին: Ակադեմիայի բարձր կուրսերի մոտ 40 ուսանող եղել են նմանակողներ՝ աղետից տուժած, ականատես, աղետի գոտու բնակիչ: Ըստ Արմինե Հայրապետյանի, չափազանց կարեւոր էր ուսանողների այս ներգրավվածությունը: Ապագա փրկարարը տուժածի դերում: Սա յուօրինակ դաս էր եւ հնարավորություն հետեւել որոնողափրկարարական աշխատանքների ողջ ընթացքին. «Վարժանքն ուղղված է փրկարարական ուժերի կարողությունների եւ հմտությունների զարգացմանը, բայց ուսանողների այսօրինակ մասնակցությունը ուսման մեջ առավել լավ արդյունքների ձգտելու լուրջ մոտիվացիա է»:
«Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման եւ համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում փրկարարական, միջազգային, դաշտային վարժանքը, «վերջին ակորդն» էր: Մնացել է արդյունքների ամփոփումը: Արմինե Հայրապետյանի խոսքով, Եվրամիության բնակչության պաշտպանության եւ հումանիտար աջակցության գլխավոր տնօրինության (DG-ECHO) ներկայացուցիչ եւ ծրագրի պատասխանատու Մարիանջելա Պելիչիան եւ վարժանքի մասնակից եւ գնահատող երկրների ներկայացուցիչները բարձր գնահատականներ են տվել Հայաստանում անցկացված վարժանքին: Մարիանջելա Պելիչիան առաջարկել է վարժանքի ամփոփիչ-ավարտական միջոցառումը անցկացնել ոչ թե Երեւանում, այլ՝ Բյուրսելում, ինչն առավել մեծ հնարավորություն է Արեւմտյան գործընկերներին ներկայացնել վարժանքի հաջողությունները: Ծրագրի արդյունքների ամփոփումը, քաղված դասերը, վարժանքի ժամանակ կազմված փաստաթղթերը, սցենարները՝ ողջ անցած ճանապարհը ձեռնարկի տեքսով կհրապարակվի: «Ճանապարհը դժվար էր եւ միաժամանակ ուսանելի: Ձեռնարկը կօգնի փրկարարների հաջորդ սերունդներին սովորել մեր սխալների եւ ձեռքբերումների վրա», -ամփոփեց Արմինե Հայրապետյանը:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ