Հայաստանի ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային առավարման պետական ակադեմիայի» բակալավրի կրթական ծրագրի «Քաղաքացիական պաշտպանություն» 4-րդ կուրսի ուսանող, ըմբշամարտի, սամբոյի ու ձյուդոյի բազմակի մեդալակիր Էրիկ Գոռ Համզոյանը օգոստոսի 23-24-ը Լեհաստանի Վարշավա քաղաքում կայացած գրեփլինգի աշխարհի առաջնությունում հաղթել է երկու տպավորիչ մենամարտում եւ ընդգրկվել լավագույն հնգյակում։ Գրեփլինգը՝ ջարդող ու խեղդող հնարքներով ըմբշամարտը, Էրիկի նոր նախասիրությունն է, զբաղվում է տարեսկզբից։ Ասում է՝ այս մարզաձեւն առանց կանոնների մարտերի նախատիպն է․ թե՛ մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում, թե՛ խաղադրույքներն են բարձր, թե՛ որպես շոուի մաս՝ պահանջված է։
Աշխարհի առաջնությանը 22-ամյա Էրիկը մեկնել էր ոտքի թաթի վնասվածքով։ «Մեդալին հասնելուն քիչ էր մնացել, բայց քանի որ կիսաեզրափակչում ամերիկացի մրցակիցս սեղմել էր քներակս, բժիշկներն արգելեցին մարտը շարունակել։ Ես ամենաերիտասարդ մարզիկն էի, բայց երկու հաջող մարտերս բավական բարձրացրին վարկանիշս, եւ արժանացա ուշադրության»,- նշեց մարզիկը։
ՃԿՊԱ ուսանողի խոսքով՝ հենց կոտրվածքներն ու դժվարություններն են մարդուն կոփում։ Արցախյան 44-օրյա պատերազմում շատ ընկերներ է կորցրել, իսկ ամիսներ առաջ ինքն է հրաշքով փրկվել ավտովթարից։ Ֆիզիկապես ու հոգեպես դժվար էր նորից մեծ մրցահարթակ դուրս գալ, բայց նա կարողացավ վերագտնել իրեն։ Ամեն մրցումից առաջ լարվում է, բայց ներքուստ իրեն գոտեպնդում, որ տեսել ու հաղթահարել է աշխարհի ամենասարսափելի վախը՝ պատերազմը։ Հավանաբար դա է պատճառը, որ 2020 թվականից հետո իր ու ընկերների յուրաքանչյուր հաղթանակի համար կրկնակի է հուզվում, որովհետեւ հայկական դրոշը բարձրացնելով՝ աշխարհին ասում ես՝ հայը կա, ապրում է։
Էրիկը նաեւ ըմբշամարտի սպորտի վարպետ է։ Ի պատասխան հարցին՝ արդյոք չի ցանկանում սաներ մարզել, ասում է՝ երեխաների հետ աշխատանքը բարդ է ու պատասխանատու։ Բացի դրանից՝ ամբողջ կյանքն առջեւում է, դեռ ուզում է անձամբ կատարելագործվել թե՛ սպորտում, թե՛ մասնագիտական՝ քաղաքացիական պաշտպանության ոլորտում։
Էրիկի համար պարտադիր է, որ մարզիկը լինի խելացի ու կրթված։ Շատ է գրքեր կարդում, կարող է խոսել ու բանավիճել պատմությունից, փիլիսոփայությունից ու արվեստից։ Սեպտեմբերի վերջին Էրիկը կմասնակցի միջազգային ստուգողական մրցումների, նոյեմբերին՝ AGP վարկածով մրցաշարի։ Մյուս տարեսկզբին գրեփլինգի Եվրոպայի առաջնությունն է, որում նա հանդես կգա գերծանր քաշային կարգում, մեծահասակների խմբում։
Մանրամասներին դեռ կանդրադառնանք։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ