Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը Ստեփանավան  քաղաքում անցկացվել է «Համայնքներում աղետների ռիսկի նվազեցում» խորագրով 5-օրյա դասընթաց, որին մասնակցել են Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողներ Մարինե Գասպարյանը, Մերի Ասուլյանը եւ Սամվել Կարապետյանը։  Նրանք նաեւ Հայկական կարմիր խաչի ընկերության կամավորներ են։

ՀԿԽԸ Ստեփանավանի տարածաշրջանային մասնաճյուղի աղետների կառավարման ոլորտի փորձագետների հրավերով դասընթացը վարում էր Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի խորհրդատու Օլգա Գորինան։

ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ ակադեմիան Ստեփանավանի երեք բնակավայրի համար տարբեր ռիսկերով պայմանավորված սցենարներ է առաջարկել, որոնք կիրառվել են դասընթացի ժամանակ։ Ըստ սցենարների՝ սողանք է առաջացել Արմանիսի բազմամետաղային հանքավայրի մոտակայքում, Գյուլագարակ գյուղում երկրաշարժի հետեւանքով փլուզումներ են, իսկ Գարգառում սահմանամերձ համայնքներից տեղահանված քաղաքացիներ են կուտակվել, որոնց պետք է տեղաբաշխել։

Արմեն Առաքելյանի խոսքով՝ կազմակերպչական առումով դասընթացը բարձր մակարդակում էր, մասնակիցները խորությամբ ուսումնասիրել են ռիսկերի գնահատման գործիքները, մեթոդաբանությունը։

3-րդ կուրսի ուսանող Մարինե Գասպարյանը նշեց, որ սեմինար վարելու նոր հմտություններ է սովորել։ Ամբողջ խումբն ակտիվ մասնակցել է քննարկումներին ու խմբային աշխատանքին։ Ավելի հստակ տեղեկացել են այս երեք համայնքում առկա ռիսկերին, դրանց նվազեցման ուղղությամբ քայլեր մշակել։ Նոր գիտելիք են ձեռք բերել քարտեզագրությունից եւ գծագրությունից, ամրապնդել արդեն իմացածը։

Ուսանող Սամվել Կարապետյանի խոսքով՝ դասընթացի աշխատանքային լեզվի՝ ռուսերենի միջոցով ոլորտային տերմիններին ավելի լավ է ծանոթացել։ Կարողացել են տարբեր տարիքային խմբի ու փորձի տեր մարդկանց հետ խոսել հավասարը հավասարի պես, անել առաջարկներ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են ուսանողները