Օգոստոսի 22-ին Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ» ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Վարդիթեր Մելոյանը մասնակցել է «Միսս ուսանողուհի-2023» խորագրով գեղեցկության մրցույթին՝ ներկայացնելով հարազատ բուհը:

19-ամյա Վարդիթերը պարուհի է, հայկական նազանի պարերով է զբաղվում 4 տարեկանից: Մի շարք մրցումների առաջատար է. վերջին մրցանակը՝ գրան-պրին, միջազգային Orange Kobuleti արվեստի մրցույթ-փառատոնից էր: Երիտասարդը նաեւ հաղթանակներ է ունեցել Եգիպտոսում, Բուլղարիայում, Վրաստանում եւ այլ երկրներում:

Թե ինչու որոշեց գեղեցկության մրցույթի մասնակցել, ժպիտով նշում է՝ նոր արկածներ է սիրում: Քանի որ միջոցառման բաղադրիչներից մեկը պարն էր, չէր կարող բաց թողնել: Բացի այդ՝ ակադեմիայի մասին լայն լսարանին պատմելու հնարավորություն ունեցավ:

Մասնակիցները բեմում քայլել են առօրեական հագուստով, երեկոյան զգեստով եւ հայկական տարազով, ցուցադրել պարելու իրենց ունակությունը: ՃԿՊԱ ուսանողն աչքի է ընկել պրոֆեսիոնալիզմով:

Վարդիթերի նախասիրությունները շատ են, բայց մի բան հստակ է՝ ապագայում իրեն փրկարար է պատկերացնում: Միշտ երազել է այս մասնագիտությամբ աշխատել:

Այժմ պատրաստվում է հոկտեմբերին Դուբայում կայանալիք միջազգային պարային մրցույթ-փառատոնին:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ