Օգոստոսի 9-ին Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկեց 2023-2024 ուսումնական տարվա առկա եւ հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի ընդունելության քննությունը: Մասնակցում էր մոտ 170 դիմորդ:
Ապագա ուսանողներին ողջունեց ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը եւ վստահեցրեց, որ բուհի հարցում ճիշտ ընտրություն են կատարել: Մնում է միայն ապավինել սեփական ուժերին ու գիտելիքին, եւ ամեն ինչ լավ կլինի: ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը հավելեց. «Կրթությունը սահմաններ չունի, կրթության համար դռները միշտ բաց են: Հայոց լեզվի քննությունն ամենահարազատը պետք է լինի. այս աշխատանքով մենք ապացուցում ենք, թե որքան եք սիրում մեր հայրենիքն ու լեզուն»:
Նա հույս հայտնեց սեպտեմբերին բոլորին հանդիպել ակադեմիայի հարկի տակ:
Ծնունդով Նոյեմբերյանից Մարիաննա Ղարագյոզյանը նոր է վերադարձել արտերկրից: Ասում է՝ մեկ տարի է կորցրել, բայց Հայաստան գալուն պես առանց վարանելու դիմել է ակադեմիա՝ փրկարարի մասնագիտություն ստանալու համար: Նպատակ ունի լավ սովորել ու աշխատել այս ոլորտում:
19-ամյա Մարիաննան պրոֆեսիոնալ ծանրամարտիկ է եւ սպորտի վարպետի թեկնածու: Թե ինչու՞ ծանրամարտ, պատասխանը միանշանակ է՝ ամրացնում ես մկաններդ, հոգով ուժեղ մարդ դառնում: Օգոստոսին ու սեպտեմբերին փաուրլիֆթինգի երկու մրցում ունի Սեւան եւ Թբիլիսի քաղաքներում:
Էդգար Բաղոյանը Վանաձոր քաղաքից է, շուտով զորակոչվելու է հայոց բանակ: Երազում էր մեծ ֆուտբոլում հայտնվել, սակայն խոչընդոտները շատ են, հատկապես՝ մարզաբնակ մարզիկների համար: Որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել՝ կառավարում. ցանկացած ոլորտում պետք կգա: Նախասիրություններից մյուսը ծրագրավորումն է:
Սուսաննա Կլեկչյանը ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտ է, այս անգամ փրկարարական բաժինն է ընտրել: «Հայրս ոստիկան է, միշտ սիրել եմ զինվորական համազգեստը: Փրկարար դառնալու որոշումն իմն էր: Դպրոցի համեմատ՝ մեր միջին մասնագիտական կրթական ծրագիրը կրկնակի գիտելիք ու հմտություններ է տվել, հատկապես՝ առաջին օգնության մասով: Եղել են դեպքեր, երբ ինքս եմ մարդկանց օգնության հասել»,- ասում է Սուսաննան:
Աղջկա տարերքը կարատեն է: Հայաստանի կրկնակի չեմպիոն է, միջազգային առաջնության չեմպիոն եւ գավաթակիր: Ցանկանում է համատեղել երկու սիրելի մասնագիտությունները:
Թալինից Սոնա Գրիգորյանն ու Արմինե Սարգսյանը որոշել են միասին նույն բաժնում սովորել: Աչքի առաջ վառ օրինակ ունեն՝ փրկարար հայրերը: Սերգեյ Գրիգորյանն Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետն է, Արմեն Սարգսյանը՝ Թալինի ՀՓՋ-ի ավագ վարորդը: Աղջիկները հայրերից սովորել են, թե ինչ է նշանակում նվիրված լինել աշխատանքին: Հույս ունեն լավ առաջադիմությամբ ավարտել եւ շենացնել իրենց համայնքը:
Սերժանտ, 42-ամյա Հայկ Գրիգորյանն արդեն 13 տարի խաղաղապահ ուժերում է ծառայում: Վաղուց էր ցանկանում բարձրագույն կրթություն ստանալ, սակայն ծառայողական զբաղվածության պատճառով չէր ստացվում: Այժմ 2 տարեկան որդի է մեծացնում: «Ճգնաժամային կառավարում» բաժինն է ընտրել, ասում է՝ ամեն քաղաքացի պետք է առնվազն փոխօգնության գիտելիք ունենա: Հայկի խոսքով՝ միայն միասնական լինելով ու իրար հարգելով է հնարավոր խաղաղ ու ուժեղ հայրենիք ունենալ:
Կարճ զրույց ունեցանք նաեւ ծնողներից մեկի հետ: Հռիփսիմե Թադեւոսյանի ամուսինը՝ Արտակ Մուրադյանը, գրեթե 20 տարի փրկարար ծառայությունում է, մասնակցել է 44-օրյա պատերազմին: Որդին՝ Կարենը, որոշել է հոր հետքերով գնալ: Մայրը ժպիտով նշում է՝ նրա պես էքստրիմի սիրահար է ու հայրենասեր: Կարենի հետաքրքրությունները շատ են, բայց մի բան նրան առավել է գրավում՝ անօդաչու սարքերը: Մայրը լիահույս է՝ որդին ակադեմիայում կստանա այն գիտելիքը, որն ակնկալում է, կդառնա լավ մասնագետ: Շուտով զորակոչվելու է հայոց բանակ:
Այս տարվա միջին մասնագիտական կրթական ծրագրի 81 շրջանավարտից 29-ն արդեն դիմել է բակալավրի կրթական ծրագրի համար: Ընդունելության երկրորդ փուլը կշարունակվի մինչեւ օգոստոսի 30-ը:
Անի ԱնՏՈՆՅԱՆ