Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտի բազմակի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը օգոստոսի 13-23-ը Ռուսաստանի Դաշնության Միներալնիե Վոդի քաղաքում կմասնակցի «Սուպեր Նինջա» մեծամասշտաբ էքստրեմալ սպորտային շոուին, որը հեռարձակում է ռուսական СТС հեռուստաընկերությունը:
Օրեր առաջ կայացել էր երեւանյան քասթինգը, որին մասնակցել էր 60-ից ավելի փորձառու մարզիկ ողջ հանրապետությունից: Յուրին անկեղծանում է՝ քասթինգին գնացել էր հանպատրաստից՝ միայն ուժերը փորձելու նպատակով: Մի շարք վարժություններ հաղթահարելով՝ մագլցում պարանով, հեռացատկ, վազք, ցատկ զուգափայտերի վրայով եւ այլն, նա զբաղեցրել է առաջին տեղը: «Ռուսական Նինջա» եւ «Սուպեր Նինջա» հաղորդումների պատմության մեջ Հայաստանն առաջին անգամ ունի իր պատվիրակը:
Հեռուստաընկերության անձնակազմը նաեւ հատուկ ժամանել է Հայաստան՝ Յուրիի սպորտային առօրյայի եւ հարազատ քաղաքի մասին ռեպորտաժ պատրաստելու:
«Իմացա, որ արդեն 200 հոգուց ավելի մասնակից է ընտրվել շոուին մասնակցելու համար: Ասեմ՝ բավականին դժվար վարժություններ են. թե՛ ակրոբատիկ, թե՛ ուժային հմտություններ են պետք: Ինձ համար շատ կարեւոր է միլիոնավոր լսարան ունեցող միջոցառման հարթակից կրկին խոսել իմ երկրի մասին»,- ասաց Յուրին:
Ծրագրում ընդգրկված են վազք եւ 3.8 մետր թռիչք, վազք հակառակ ուղղությամբ ընթացող վազքուղու վրայով, ձեռքերի ու ոտքերի օգնությամբ անցում պատի վրայով, անցում առաստաղից կախված հարմարանքների վրայով, մագլցում արհեստական պատի վրայով եւ այլն: Հաղթողը կստանա 5 միլիոն ռուբլի մրցանակ:
Մանրամասներին կանդրադառնանք:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ