Օգոստոսի 2-ին Ներքին գործերի նախարարությունում կայացավ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
Այս տարի մագիստրոսի, բակալավրի եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ակադեմիան ավարտեց 269 ուսանող: 4 մասնագիտությունների գծով՝ ճգնաժամային կառավարում, փրկարարական գործ, աղետների հոգեբանություն եւ ճգնաժամային իրավունք, առկա եւ հեռակա ուսուցմամբ 18 մագիստրոսից 9-ին շնորհվեց գերազանցության դիպլոմ:
5 մասնագիտությունների գծով բակալավրի կրթական ծրագրի առկա եւ հեռակա ուսուցմամբ 170 շրջանավարտից 11-ին շնորհվեց գերազանցության դիպլոմ: Շրջանավարտներից 45-ն արդեն աշխատում են ՆԳՆ փրկարար ծառայության եւ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում եւ շուրջ 20-ը՝ պաշտպանության նախարարության համակարգում:
Գերազանցությամբ ավարտողներին դիպլոմները հանձնեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ նշելով, որ փրկարարի, անվտանգության ծառայողի եւ ճգնաժամային կառավարման մասնագետի որակավորումներն անհրաժեշտ են միշտ եւ ամենուր: Ներքին գործերի նախարարությունը թեւակոխել է բարեփոխումների փուլ. սպասվում են ատեստավորման համակարգի ներդնում, աշխատավարձերի բարձրացում եւ այլն: Այժմ փրկարար ծառայությունում թափուր տեղեր կան: Նախարարը հորդորեց անպայման մրցույթին մասնակցել, իսկ այն մասնագետները, որոնք սահմանամերձ մարզերից են եւ կցանկանան ծառայել իրենց համայնքին, հատուկ ուշադրության կարժանանան:
Փոխնախարար Արփինե Սարգսյանը մաղթեց, որ դիպլոմն իր նշանակությանը ծառայի: ՆԳՆ կրթահամալիրն այսուհետ հստակ նպատակ ու խնդիրներ է դրել, որ շրջանավարտները համալրեն կադրային բազան եւ սպասարկեն կադրային կարիքները:
«Հույս ունեմ, որ դուք կգաք ինձ ու մեր անձնակազմի հետ, եւ մենք միասին երկար ճանապարհ կանցնենք: Եթե նույնիսկ ծառայությունը չշարունակեք, այս դիպլոմի պատիվը բարձր պահե՛ք»,- հավելեց փոխնախարար, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ նաեւ ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը: Նա շնորհակալություն հայտնեց դասախոսական անձնակազմին արդյունավետ աշխատանքի համար, որը հետագայում ծառայելու է մեր հայրենիքի բարօրությանը. «Ես ցանկանում եմ, որ բոլոր ներկաները գիտակցաբար հասկանան, որ ավարտեցին ներքին գործերի նախարարության բուհը, եւ այդ բուհի պահանջներն այս պահից ևեթ ավելի խիստ են իրենց նկատմամբ: Շնորհավորում եմ բոլորիդ»:
Հաջորդիվ շրջանավարտները երդվեցին բարեխղճորեն եւ պատասխանատվությամբ կատարել իրենց պարտականությունները, անշահախնդրորեն կազմակերպել տուժածների փրկման աշխատանքները, պահպանել փրկարարի մասնագիտական ավանդույթն ու բարոյական նկարագիրը։
Զրուցեցինք նաեւ ապագա մասնագետների հետ: Ստեփանավանից Արինա Առաքելյանը նշեց՝ երբեք չի զղջացել ՃԿՊԱ դիմելու համար, քանի որ նման ոլորտային կրթօջախները քիչ են: Դեռ նոր էր ավարտել միջին մասնագիտական կրթական ծրագիրը, երբ Ստեփանավանի մանկապատանեկան հանրապետական կենտրոնում աշխատանքի ընդունվեց: Այժմ խմբակավար եւ մեթոդիստ է: «Մեծ ձեռքբերում է, երբ քոլեջն ավարտած մարդուն նման պաշտոն են վստահում: Այսինքն՝ նույնիսկ մեր քոլեջի գիտելիքը բավարար առաջադիմություն է տալիս: Բակալավրի կրթական ծրագրում շատ բան եմ սովորել՝ թե՛ հասարակության հետ շփման, թե՛ գիտելիքի, թե՛ կարողությունների ու հմտությունների մասով, միշտ ներգրավվել եմ «Լոռէ» փրկարար ջոկատի միջազգային տարբեր ծրագրերին: Բակալավրի ծրագրի կրթությունն ինձ համար իդեալական էր»,- մանրամասնեց Արինան:
Այժմ դիպլոմը ձեռքին է, մի քանի նպատակ ունի՝ ուսումը շարունակել իրավաբանության կամ իրավագիտության ուղղությամբ, դասավանդել իր սիրելի մասնագիտությամբ եւ ընտանիք կազմել: Ի դեպ, ընտրյալի հետ Արինան ծանոթացել է հարազատ ակադեմիայում:
Փ/ծ ավագ ենթասպա Դավիթ Ղալթախչյանը Տավուշից է, աշխատում է քաղաքացիական պաշտպանության ոլորտում, որպես օղակի հրամանատար: Մասնագիտությունն ընտրել է առանց վերապահումի. ասում է՝ միմյանց նկատմամբ մարդասեր լինելն ու քաղպաշտպանական գիտելիք ունենալը մեր ազգին շատ է պետք:
Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ