Լույս է տեսել «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդեսի հերթական (այս տարվա առաջին)՝ 22-րդ համարը: Հանդեսը համապատասխանում է ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջներին:
Ինչպես եւ նախորդ համարները, «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսի 22-րդ համար էլ երեք բաժին ունի. «Կառավարում եւ տնտեսագիտություն», «Տեխնոլոգիաներ», «Ուսումնամեթոդական եւ գիտամեթոդական հիմնախնդիրներ»:
Այս համարում ներկայացված է 67 հեղինակի 27 հոդված. «Փրկարարական ծառայության սպայի հատկանիշների ձեւավորման հայեցակարգային հարցեր», «Թրթուրավոր ռոբոտի կառավարման համակարգի նախագծումը MATLAB փաթեթի միջոցով», «Սեւանա լճի մակարդակի միջնադարյան տատանումների հարցի շուրջ», «Էկոլոգիայի տեսության դասավանդման մանկավարժական տեսանկյունները», «Արտակարգ իրավիճակները լեռնաարդյունահանող օբյեկտներում՝ խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» եւ այլն:
«Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսը հրատարակում է ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան»՝ 2010 թվականից:
2010 թվականից հրատարակվում էր ժողովածուի տարեկան մեկ-երկու համար: Ակադեմիայի ղեկավարության որոշմամբ, 2019 թվականից մշտապես հրատարակվում է տարեկան երկու համար: Հանդեսի գլխավոր խմբագիրը ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Մաթեւոսյանն է, խմբագրի տեղակալը՝ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պռոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը, պատասխանատու քարտուղարը՝ ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու Վահագն Կրբեկյանը:
Մինչ օրս «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսում հրատարակվել է մոտ 600 հոդված, որի 60 տոկոսը՝ ակադեմիայի մասնագետների հեղինակած: Եղել են Հայաստանի այլ բուհերից եւ այլ պետություններից ուղարկված հոդվածներ: «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսը չի վաճառվում, տրամադրվում է գրադարաններին, ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների՝ այդ թվում՝ փրկարար ծառայության մարզային կառույցներին:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ