ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոսները մշակել են եւս երկու ուսումնական ձեռնարկ. «Փրկարարական աշխատանքներում կիրառվող փոքր մեխանիզայի միջոցներ» (երկու մաս) եւ «Ծանրահակ երկրաբանական գործընթացներ» շարքի երրորդ գիրքը՝ «Սելավներ»:

«Փրկարարական աշխատանքներում կիրառվող փոքր մեխանիզայի միջոցներ» երկմասանի ձեռնարկի հեղինակներն են ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը եւ փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը:

Ձեռնարկում ներկայացված են փրկարարական աշխատանքներում կիրառվող փոքր մեխանիզայի միջոցների, գործիքների ու սարքավորումների աշխատանքային պայմանները, հիմնական տեսակները, դրանց ներկայացվող պահաջները, շահագործման եւ տեխնիկական սպասարկման գործընթացները, փրկարարական աշխատանքների ժամանակ փրկարարի վրա ազդող վտանգավոր եւ վնասակար գործոնները պաշտպանության անհատական միջոցները եւ այլն:

Ձեռնարկում ներկայացված են շանցային, մեխանիկական, ներքին այրման շարժիչով, էլեկտրական, հիդրավլիկ, օդաճնշակային գործիքներով արդյունավետ եւ անվտանգ աշխատելու առանձնահատկությունները:

Կարապետ Սարաֆյանի «Սելավներ» ձեռնարկը «Ծանրահակ երկրաբանական գործընթացներ» շարքի երրորդ գիրքն է: Շարքի առաջին՝ «Քարաթափեր» գիրքը լույս է տեսել 2017 թվականին, երկրորդը՝ «Փլուզումներ»՝ 2021 թվականին:Ինչպես եւ նախորդ երկուսը, այս մեկում էլ ներկայացված է երկրաբանական գործընթացը մի քանի հարթությունում. սելավների պատմություն, սելավների առաջացման հիմնական պատճառներ, հակաէռոզիոն եւ հակասելավային միջոցառումներ եւ այլն: Կարապետ Սարաֆյանը վստահ է, որ այսօր անհրաժեշտ են հակասելավային միջոցառումներ, ինչի արդյունքում կունենանք ջրօգտագործման բարելավում, ջրային եւ հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում:

«Փրկարարական աշխատանքներում կիրառվող փոքր մեխանիզայի միջոցներ» եւ «Սելավներ» ձեռնարկները կարող են օգտակար լինել ՃԿՊԱ ուսանողներին, դասախոսներին, փրկարար ծառայության օպերատիվ արձագանքող ստորաբաժանումներին, արտակարգ իրավիճակների արձագանքմանը հարակից մասնագիտություններ կրողներին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ