ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» փրկարարական ֆակուլտետի դոցենտ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խաչատրյանի նախաձեռնությամբ, մայիսի 23-26-ը խաղային մարզաձեւերի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոցում անցկացվեց մինի ֆուտբոլի միջխմբային առաջին առաջնությունը, որին մասնակցում էին ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի բոլոր մասնագիտություններից 6 թիմ:

Եզրափակիչ խաղը մայիսի 26-ին էր, խաղում էին «Հրդեհային պաշտպանություն» եւ «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտությունների թիմերը: 4:2 հաշվող հաղթեց եւ չեմպիոն հռչակվեց «Կառավարում արտակարգ իրավիճակներում» թիմը:

Ըստ նախաձեռնության հեղինակ Հովհաննես Խաչատրյանի, սպորտը՝ այդ թվում՝ աշխարհի ամենատարածված մարզաձեւ ֆուտբոլը առողջություն է, թիմային աշխատանքը զարգացնելու միջոց:

Ապագա փրկարարներին սատարելու-երկրպագելու էին եկել ՃԿՊԱ դասախոսները, ուսանողները: «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Աննա Համբարձումյանը վստահ է, որ ֆուտբոլը այն եզակի մարզաձեւն է, որ օգնում է ընկերանալ: Խաղին հետեւելուց հետո Աննան եզրակացնում է. թիմերի խաղում կազմակերպչական խնդիրներ կային, բայց թիմային խաղ կար եւ ընկերություն:

 

Լուսանկարները տրամադրել են դասախոսները