Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» մեկնարկել են 2022-2023 ուսումնական տարվա պետական ամփոփիչ ատեստավորման քննությունները: Զրուցել ենք շրջանավարտների հետ ուսումնառության տարիների եւ առաջիկա նպատակների մասին:
23-ամյա Արիս Շահնազարյանը ծնունդով Բերդից է: Եղբոր խորհրդով է եկել ակադեմիա եւ գտել իրեն հոգեհարազատ մասնագիտություն: Ապրելով սահմանամերձ համայնքում՝ լավ գիտի՝ ինչ է նշանակում ապրել հակառակորդի նշանառության տակ: Բերդում փոքրուց սովորում են ամեն հնարավոր վտանգից պաշտպանվելու ձեւը: Խուճապն իրենց խորթ է: Թերեւս դա էր պատճառը, որ 44-օրյա պատերազմի օրերին առանց երկմտելու կամավորագրվել էր՝ սահման մեկնելու: Ուսանողական կյանքն ամենաքաղցր ժամանակահատվածն է համարում: Ընկերներ է ձեռք բերել, հասունացել: Ներկայումս աշխատում է իր երկրորդ սիրելի մասնագիտությամբ՝ բարմեն:
Վրեժ Ավետիսյանի հայրը՝ միջազգային կարգի փրկարար Վաղինակ Ավետիսյանը, ակադեմիայի շրջանավարտներից է: Որդին հոր մասնագիտությունն է ընտրել, բնավորությամբ էլ նրա պես համարձակ է: Վերջերս է ավտովթարի ականատես եղել, անմիջապես մոտեցել է ու դադարեցրել գազի արտահոսքը: Մեծ ցանկություն ունի համակարգում աշխատելու: Ուսումնառության տարիների լավագույն ձեռքբերումներից է համարում դասախոսների հետ ընկերական հարաբերությունները: Նրանցից շատ բան է սովորել:
Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից Արման Մելիքյանն ընկերոջ հետ է ակադեմիա ընդունվել: Տնտեսագիտական գիտելիքն օգնել է սեփական բիզնես գործունեությունն սկսել: Մայրաքաղաքում մենակ ապրելով՝ ավելի ինքնուրույն ու պատասխանատու է դարձել: Ժպիտով վերհիշում է, թե քանի անգամ է հասցրել այս տարիների ընթացքում սիրահարվել:
Հրանուշ Բաղրամյանն Արարատ մարզի Քաղցրաշեն գյուղից է: Փոքրուց սիրել է փրկարարի մասնագիտությունը: Հարցնում եմ՝ արդյոք ուժային համակարգում եւ առավելապես տղամարդկանց միջավայրում երբեւէ խտրականության չի հանդիպել: Հավատացնում է՝ իրեն միշտ հավասարի պես են վերաբերվել: Այս տարիներին մի քանի ոչ մասնագիտական աշխատանք է փորձել, այժմ ցանկանում է լեզուների իմացությունը զարգացնել, որ ճգնաժամային կառավարման համակարգում իր տեղը գտնի:
Ստեփանավանցի Տիգրան Այվազյանը, չնայած երիտասարդ տարիքին, քաղաքապետարանի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետն է: «Ակադեմիայի կրթական մակարդակը շատ բարձր է, այստեղ ստացած գիտելիքն ամեն ոլորտում է պետք գալիս: Ժամանակի ընթացքում ՔՊ ոլորտի օրենքների իմացությունն ինձ ավելի գրավեց: Բնակչության ուսուցումն իմ առաջնահերթ նպատակներից եմ համարում»,- նշում է Տիգրանը: Կուրսում տարբեր տարիքային խմբի եւ տարբեր բնավորության տեր մարդիկ են. սակայն դա չի խանգարում ամուր ընկերությանը: Ցանկացած նախաձեռնության հարցում միասնական են:
Գրետա Իսրայելյանը 21 տարեկան է: Դպրոցի հիմնական կրթությունն ավարտելուն պես հստակ որոշել է դիմել ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրին: Թե՛ քոլեջը, թե՛ բակալավրիատն ավարտում է գերազանցությամբ: Կառավարման մասնագիտությունն իր առջեւ մեծ հեռանկարներ է բացել: Այժմ աշխատում է բանկում: Պատրաստվում է ընդունվել ակադեմիայի մագիստատուրա ՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ