Արդեն 2-րդ տարին է, ինչ «R5 արտակարգ իրավիճակների եւ անվտանգության նախագծերի կառավարման կենտրոն» հասարակական կազմակերպության հրահանգիչները եւ կամավորները «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառման շրջանակներում կամավոր հերթապահություն են իրականացնում թանգարաններում։ Կենտրոնի ղեկավարը ՃԿՊԱ շրջանավարտ եւ դասախոս Անի Տերտերյանն է: Այս տարի օրը նշվում էր մայիսի 20-ին՝ «Թանգարաններ, կայունություն եւ բարեկեցություն» խորագրով։

«R5»-ի (risk, reduction, response, recovery, restart` ռիսկ, նվազեցում, արձագանքում, վերականգնում, վերագործարկում) կամավորները հերթապահություն են իրականացրել 5 թանգարանում՝ Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Եղիշե Չարենցի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարաններ, ժողովրդական արվեստների թանգարան: Կենտրոնի հրահանգիչներն ու կամավորները առաջին օգնություն են ցուցաբերել 6 անձի (2 այցելու, 4 թանգարանի աշխատակից)՝ հիմնականում արյան ճնշման տատանումներով, օգնել են բազմաթիվ մարդկանց մարդաշատ վայրում կողմնորոշման, տեղաշարժման հարցերում եւ իրականացրել էին անվտանգության հարցերով խորհրդատվություն, իրազեկման աշխատանքներ։

ՃԿՊԱ շրջանավարտ-դասախոսի հիմնադրած «R5 արտակարգ իրավիճակների եւ անվտանգության նախագծերի կառավարման կենտրոն» հասարակական կազմակերպության կամավորների եւ հրահանգիչների գերակշիռ մասը ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» շրջանավարտներն ու ուսանողներն են:

«R5» կենտրոնը կամավորական աշխատանքների մեծ փորձ ունի։ Կենտրոնի հրահանգիչները, կամավորները պարբերաբար այցելում են տարբեր ուսումնական հաստատություններ, կազմակերպում վարժանքներ, ինտերակտիվ դասեր, խաղեր, որոնք բոլորն էլ միտված են անվտանգության մշակույթի ձեւավորմանն ու տարածմանը։

 

Լուսանկարները տրամադրել է «R5» կենտրոնը