Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ուսումնական ծրագրերը պարբերաբար համալրվում են նորություններով։ Դասախոս Կարապետ Սարաֆյանը հունվարին եղել է Ամերիկայի միացյալ նահանգների վեց ազգային պարկում եւ նոր դասախոսություն կազմել «Երկրաբանություն» առարկայի համար։

ԱՄՆ-ն այսօր ունի 62 ազգային պարկ։ Ուշադրության կենտրոնում են նաեւ երկրաբանական պարկերը, որից ձգտում է ունենալ նաեւ Հայաստանը։ «Ռիսկերի ուսումնասիրությամբ զբաղվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը 2 տարի առաջ եկավ Հայաստան, հանդիպեց շահագրգիռ կողմերի ու երկրաբանական ինստիտուտի աշխատակազմի հետ։ Արդյունքում որոշվեց, որ Հայաստանի ներուժը բավարար է՝ Սյունիքի մարզում գեոպարկ ունենալու համար։ Բանակցությունները դեռ ընթացքի մեջ են»,- մանրամասնում է Կարապետ Սարաֆյանը։

ԱՄՆ-ում, 1916 թվականից կա պետական հատուկ կառույց՝ «Ազգային պարկերի ծառայություն», որը զբաղվում է ազգային պարկերի տարածքի, կենդանիների, բույսերի եւ երկրաբանական հուշարձանների պահպանությամբ։

ՃԿՊԱ դասախոսը եղել է Յելոուսթոունյան ազգային պարկում, տեսել ամենաակտիվ հրաբխային կալդերան, որի ժայթքումը տեսականորեն համաշխարհային նշանակություն է ունենալու։ Կալդերան երկրաբանական հուշարձան է, այստեղ տարեկան տասնյակից ավելի երկրաշարժ է լինում։ Այդ պատճառով ու նաեւ առևտրական նպատակներով բիզոնների զանգվածային ոչնչացման հետեւանքով, 19-20-րդ դարերի վերջին ամերիկյան բիզոնների թվաքանակը 600 հազարից հասել է 60-ի, եւ հետագա հնարավոր ոչնչացումից տեսակը փրկելու համար մասնագետները բազմացրել են բիզոններին, մի մասը նվիրել Կանադային ու Մեքսիկային։ Բիզոնների քանակն այժմ մոտ 6000 է։

Ամենաշատ այցելություն ունեցող «Մեծ կիրճի» (Մեծ կանիոն՝ Grand Canyon) մասին խոսելիս Կարապետ Սարաֆյանը հատկապես առանձնացնում է անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը։ 446 կմ երկարություն ունեցող այս կիրճում տասնյակ զբոսաշրջային երթուղիներ են գործում, եւ առաջինը, ինչի մասին զբոսավարները զգուշացնում են, հնարավոր վտանգներն են՝ քարաթափում, սելավ, բաց տեղանքներում կենդանիների հարձակման հավանականություն։ Այստեղ դու անձամբ ես պատասխանատու քո եւ ուղեկիցներիդ (այդ թվում՝ երեխաների) անվտանգության համար։ Նույն զգուշավորությունը պետք է պահպանել նաեւ Յելոուսթոունյան պարկի ջրվեժներին հարակից տարածքում զբոսնելիս։ Բարձրադիր ժայռերի ուղղահայաց դիրքի պատճառով տարեկան 6-7 մարդ է ընկնում ու վնասվում։

Ամենամեծ ու ամենահին «Յոսեմիթե» ազգային պարկում ՃԿՊԱ դասախոսն ականատես է եղել, թե ինչ չափերի վնաս կարող է մարդը հասցնել բնությանը։ Նախորդ տարվա հունիսին այստեղ 40 քկմ անտառ էր այրվել։ Համեմատության համար՝ Հայաստանում գրանցվող տարեկան հրդեհների ընդհանուր մակերեսը՝ մոտ 4 քկմ է:

Բազմաթիվ լուսանկարների միջոցով դասախոսն իր ուսանողներին պատմում է նաեւ Սեքվոյաների ազգային պարկի վիթխարի ծառերի, երկրագնդի վրա Մարսի մի կտոր համարվող «Բրայս» կանիոնի, քամուց ու անձրեւից քայքայման արդյունքում ձեւավորված Կամարների ազգային պարկի, պատահարների հետեւանքով Նիագարայի ջրվեժի տարածքում էքստրեմալ սպորտաձեւերի արգելման եւ ջրվեժի վրա առաջին հիդրոէլեկտրակայանը կառուցած գյուտարար Նիկոլա Տեսլայի մասին։ Վերջինիս մահից ի վեր նրա գործունեության վերաբերյալ արխիվը գաղտնի է պահվել եւ միայն 2020 թվականին հանձնվել գիտնականներին ուսումնասիրության համար։

Ամփոփելով իր ճամփորդությունը՝ Կարապետ Սարաֆյանը հերթական անգամ եզրակացնում է. զբոսաշրջային անվտանգությունը առաջնահերթ է։ Ցանկացած երկրում տուրիզմը զարգացնելու համար պետք է լուծել նաեւ հասարակական զուգարանների եւ աղբը հավաքելու խնդիրը։ Եվ որ ամենակարեւորն է՝ երկրաբանական տեսանկյունից Հայաստանն աշխարհին դեռ զարմացնելու տեղ ունի։

Ուսանողներն այսուհետ հնարավորություն ունեն ոչ միայն դասախոսության միջոցով ծանոթանալու ԱՄՆ ազգային պարկերին եւ գլոբալ առումով՝ գրեթե 4,7 միլիարդ տարեկան մեր մոլորակի պատմությանը, այլեւ շոշափելու եւ ուսումնասիրելու «Մեծ կանիոնից» ու ԱՄՆ այլ տեսարժան վայրերից բերված տարատեսակ քարերը։

 

ԱՆի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Կարապետ Սարաֆյանը