ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների նախաձեռնությամբ, կուրսղեկ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սաթենիկ Բակունցի եւ ՃԿՊԱ մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզաննա Ղարիբյանի աջակցությամբ, մայիսի 16-ին, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» կազմակերպվել էր «Խաղում է կլիման» իւնտելեկտուալ խաղ-մրցույթ, նվիրված կլիմային, շրջակա միջավայրին:

Խաղին մասնակցում էր 5 թիմ՝ ՃԿՊԱ միջին մասնագիտական եւ բակալավրի կրթական ծրագրերից, մրցավարները ՃԿՊԱ դասախոսներն էին՝ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու Վահագն Կրբեկյանի նախագահությամբ:

Կլիմայի թեմայով խաղ-մրցույթի մասնակից թիմերը իրենց համար ոլորտին առնչվող անուններ էին ընտրել՝ «Ջուր», «5 եղանակ», «Արտակարգ» եւ այլն: Հարցերը բազմազան էին՝ կլիմայական գոտիներ, հրաբխի հետեւանքներ, սառցե դարաշրջաններ, խմելու ջուր, լեռնային գետեր, սելավ, ծխապատ տարածք, անտառաշատ երկրներ եւ այլն: 15 միավորով հաղթեց ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի «Փրկարարական գործ» մասնագիտության առաջին կուրսի «SMART» թիմը:

Խաղի կազմակերպմանն աջակցած դասախոսները վստահ են, որ թիմային խաղը նպաստում է թիմային աշխատանքի ունակությունների եւ հմտությունների կատարելագործմանը, իսկ մրցավարական խմբի ղեկավար Վահագն Կրբեկյանի խոսքով, խաղը հաջողվեց եւ ստացվեց. «Հարցերը շատ էին ու թեմայից շեղում չեղավ: Դիտարժան էր տեսասահիկների կիրառումը»:

ՃԿՊԱ մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու Ռուզաննա Ղարիբյանի խոսքով, կքննարկվի խաղը միջբուհական առաջնություն դարձնելու հնարավորությունը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են ՃԿՊԱ դասախոսները