Ապրիլի 7-ին Հայաստանի ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էր այցելել ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը: Ներքին գործերի նախարարության ձեւավորման փուլերից մեկն էլ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ Ոստիկանության ակադեմիայի միավորմամբ միասնական կրթահամալիր ստեղծումն է:

ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանի եւ ակադեմիայի ղեկավար կազմի ուղեկցությամբ փոխնախարարը շրջեց ՃԿՊԱ-ում, ծանոթացավ բուհի շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, մասնագիտացված լսարաններին, լաբորատորիաներին, տեղեկացավ բուհում իրականացվող ուսումնական, կրթական, վերապատրաստման, որակի բարձրացման, հետազոտական աշխատանքներին: Այցի շրջանակներում  փոխնախարարը հանդիպում ունեցավ բուհի աշխատակիցների եւ դասախոսական կազմի հետ:

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ Ոստիկանության ակադեմիայի միավորման նպատակը համակարգի համար որակյալ կադրեր պատրաստելու ճիշտ քաղաքականություն իրականացնելն է: Միավորման հիմքում դրվելու է միավորվող հաստատություններին չվնասելու սկզբունքը, իսկ համակարգում աշխատողների առաջխաղացումը պետք է լինի միայն լրացուցիչ գիտելիքներ ստանալու պարագայում: Կարողությունների բարձրացման վերապատրաստումներն ու որակի կատարելագործման ծրագրերը պարբերաբար են լինելու:

Փոխնախարարը վստահ է, որ այս գործում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան իր ուրույն դերն ունի: