Մարտի 1-ին՝ Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կանցկացվի «Քաղաքացիական պաշտպանության առանձնահատկությունները 21-րդ դարում» խորագրով հանրապետական երիտասարդական գիտաժողով: Գիտաժողովի հիմնական նպատակն է նպաստել ուսանողների մոտ անվտանգության մշակույթի ձեվավորմանը եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտում գիտական մոտեցումների ներդրմանն ու կիրառմանը: Քննարկումները կլինեն երեք հիմնական հարթությունում. ժամանակակից պատերազմների եւ ռազմական կոնֆլիկտների դասակարգում, քաղաքացիական պաշտպանության հիմնական կարիքներն ու 21-րդ դարում դրանց կազմակերպման առանձնահատկությունները, արտակարգ իրավիճակում անձի հոգեբանական անվտանգության խնդիրները, ուսուցման գործընթացի հոգեբանական առանձնահատկությունները:
Զեկույցներ կներկայացնեն Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Երեւանի պետական համալսարանի, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի, պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, Գավառի պետական համալսարանի ուսանողները՝ 17 հոգի: Զեկույցների թեմաներն են. «Տարբեր աղետներին եւ դրանց դիմակայունության վերաբերյալ ուսանողների իրազեկվածության մակարդակի մոնիթորինգ», «Արտակարգ իրավիճակում անձի հոգեբանական անվտանգության խնդիրը», «Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության եւ փրկարար ծառայության ուժերի դերը, աղետների հետեվանքների վերացման եւ բնակչության բուժօգնության ցուցաբերման աշխատանքներում», «Աղետներից հուշարձանների պաշտպանությունն` անհրաժեշտություն» եւ այլն: