ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում այսօր իրենց մագիստրոսական ատենախոսությունները պաշտպանեցին 2022-2023 ուսումնական տարվա «Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)» մասնագիտության 5 շրջանավարտ՝ որից 3-ը գերազանցությամբ: Սա մասնագիտության երկրորդ շրջանավարտումն է: Առաջինը՝ 2021-2022 ուսումնական տարում էր, մասնագիտությունն ավարտեց 7 շրջանավարտ, որից երեքը՝ գերազանցությամբ: Ուշագրավ է, որ թե անցած, թե այս ուսումնական տարում, շրջանավարտների գերակշիռ մասը՝ աղջիկներ են. անցած տարի՝ յոթից վեցը, այս տարի՝ հինգից չորսը: «Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)» մասնագիտությամբ սովորում են ոչ միայն ՃԿՊԱ եւ ԱԻՆ համակարգի այլ ստորաբաժանումների աշխատակիցներ, այլ նաեւ այլ բուհերի շրջանավարտներ՝ Երեւանի պետական համալսարան, Սլավոնական համալսարան եւ այլն:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահը Սահմանադրական դատարանի նախագահի օգնական Արտակ Ղազարյանն է, անդամները՝ ՃԿՊԱ-ից, սահմանադրական դատարանից եւ պաշտպանության նախարարությունից:

ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով, 2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցման «Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)» մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանության թեմաներն արդիական են, որակական առումով բխում են աշխատաշուկայի պահանջներից, ապագա մասնագետների մոտ ձեւավորված է հետազոտական եւ վերլուծական մտածելակերպ, ակնառու են ղեկավար-ուսանող համատեղ հետազոտական աշխատանքները։

«Հաշվի առնելով հատկապես կազմակերպված պրակտիկաների արդյունքները՝ մագիստրոսական թեզերում ուսանողների հետազոտական խնդրները սահմանված են աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։ Ակադեմիան շնորհավորում է իր բոլոր շրջանավարտներին եւ մաղթում մասնագիտական նորանոր հաջողություններ», — ամփոփեց պրոռեկտոր Ղարիբյանը:

2022-2023 ուսումնական տարում ՃԿՊԱ-ում «Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)» մասնագիտությամբ սովորում է 9 հոգի: