Փետրվարի 18-ին Չեխիայի Պզլեն քաղաքում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջնություն, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի ներկայացուցիչ, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը։ Նա 69 կգ քաշային կարգում նոկաուտով հաղթեց չեխ բազմափորձ մարզիկին ու գլխավերևում բարձրացրեց եռագույնը։
Մեզ հետ զրույցում Յուրին անկեղծացավ՝ առաջին անգամն էր մենակ գնացել մրցաշարի։ Հոգեբանական դժվարությունները շատ էին՝ սկսած լեզվական խնդիրներից եւ օտար երկրում հարմարվելուց։ Բայց ռինգում ամեն ինչ այլ է, մարզիկները նույն լեզվով են խոսում։ Նրա փայլուն ելույթից հետո սերտ համագործակցություն էր հաստատվել նաեւ Չեխիայի բռնքամարտի ֆեդերացիայի հետ։
Բռնքամարտը Յուրիի սպորտային կյանքում նոր նախասիրություն է, դեռ մեծ պլաններ չի կազմում։ Առաջիկայում երիտասարդ մարզիկը նոր ռեկորդի հավակնություն ունի՝ տանկ է տեղաշարժելու։ Այժմ փնտրում է հովանավորներ։
Հետաքրքրվեցինք նաեւ Յուրիի հեղինակած «Սաքունց» համաշխարհային ռեկորդների գրքով։ Օրեցօր ռեկորդներն ավելանում են, պահանջարկ կա, որ գիրքը նաեւ տպագիր տարբերակով հասանելի լինի։ Յուրիի խոսքով՝ 1000 ռեկորդ գրանցելու դեպքում կմտածի գիրք հրատարակելու մասին։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ