Փետրվարի 13-15-ը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում կայացել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» կոնվենցիայի բյուրոյի այս տարվա առաջին նիստը, որին մասնակցել է նաեւ բյուրոյի անդամ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը:
Բյուրոն աշխատանքային պլանները հաստատում է երկու տարվա համար: Բյուրոյի առաջին նիստում հաստատվել է 2023 եւ 2024 թվականների աշխատանքային պլանը, Արմինե Հայրապետյանը ընտրվել է բնատեխնածին աղետների աշխատանքային խմբի համահամակարգող: Խմբի երկրորդ համակարգողը Նորվեգիայի ներկայացուցիչ Թորիլ Թանդբերգն է:
Բնատեխնածին ռիսկերն ու աղետները (երկրաշարժին հաջորդած հրդեհ, սողանքին հաջորդած փլուզում եւ այլն) բնորոշ են նաեւ Հայաստանին: Սեյսմաակտիվ գոտում գտնվող Հայաստանում բազմաթիվ են արտադրական վտանգավոր օբյեկտները, արդյունաբերական հզորությունները: Հենց սրանով պայմանավորված էլ, Հայաստանի ներկայացուցիչը ընդգրկվել է է բնատեխնածին աղետների աշխատանքային խմբում: Կոնվենցիայի բյուրոյի առաջարկով Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը եւս կներառվի բնատեխնածին աղետների աշխատանքային խմբում:
«Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» կոնվենցիան ընդունվել է դեռեւս 31 տարի առաջ՝ 1992 թվականին, Հայաստանը կոնվենցիային միացել է 1993 թվականի մայիսին: Դրանից հետո կոնվենցիայի շրջանակներում բազմաթիվ ծրագրեր են արվել, սակայն կա մասնակցության ակտիվացման եւ խթանման անհրաժեշտություն:
Արմինե Հայրապետյանը վստահ է, որ սա ավելի լայն հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար եւ առաջ կմղի մեզ: «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» կոնվենցիայի շրջանակներում Կենտրոնական Ասիայի եւ այլ երկրներում իրականացվել է տեղական կարողությունների եւ իրավիճակի գնահատում: Հայաստանում նման գնահատում իրականացվել է 2017-ին եւ հիմա անհրաժեշտ է վերանայել-վերագնահատել: Այս գնատահականն ունենալուց հետո երկիրը կարող է արդյունաբերական վթարների ռիսկի նվազեզման միջոցառում իրականացնելու համար դիմել «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» կոնվենցիայի բյուրոյին: Բյուրոյի կազմում կան փորձագետների միացյալ խումբ, կոնվենցիայի իրականացման աշխատանքային խումբ եւ այլ կառույցներ, որոնցում ներգրավված են տարբեր երկրների հմուտ փորձագետներ, որոնք կօգնեն գնահատումից հետո քայլեր, միջոցառումներ ծրագրելու եւ իրականացնելու հարցում: Այս ճանապարհով երկրները կհասնեն սեփական կարողությունների զարգացման:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ