ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի փոխնախարար, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով, փետրվարի 13-28-ը «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» կկազմակերպվի «Էլեկտրական շարժիչով եւ հիբրիդ ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգությունը» թեմայով դասընթաց, որին կմասնակցեն ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» եւ Երեւանի փրկարարական վարչության տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողները՝ 60 փրկարար՝ 4 խմբով` խմբի պետեր, ավագ հրահանգիչներ, օղակի հրամանատարներ: Յուրաքանչյուր խմբի համար անցկացվում է երկօրյա դասընթաց. մեկ օր՝ տեսական, մեկ օր գործնական պարապմունք՝ «Տեսլա Էներջի» ընկերությունում:

Էլեկտրական շարժիչով եւ հիբրիդ ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգության թեմայով վերապատրաստման դասընթացի նյութերը մշակել են ՃԿՊԱ մասնագետները, ծրագիրը հաստատվել է այս տարվա հունվարի 24-ին: Փետրվարին անցկացվող վերապատրաստումները առաջինն են:

Վերապատրաստման թեմաներն են. «Հիբրիդային եւ էլեկտրական ավտոմեքենաների նկարագիրը եւ կառուցվածքը», «Էլեկտրական ավտոմեքենաների վթարի դեպքում անվտանգության ապահովում», «Փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում էլեկտրական ավտոտրանսպորտային պատահարների դեպքում», «Էլեկտրական ավտոմեքենաների սպասարկման սրահում մեքենաների առանձնահատկությունների, կոնստրուկցիաների ծանոթացում եւ անվտանգության ապահովման ցուցումներ»:

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Հովհաննես Բադալյանի խոսքով, ակադեմիայում վերապատրաստված փրկարարները նույն թեմայով դասընթացներ կկազմակերպեն իրենց ջոկատներում: Իսկ ակադեմիայի մասնագետները «Էլեկտրական շարժիչով եւ հիբրիդ ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգությունը» թեմայով դասեր կանցկացնեն նաեւ ՃԿՊԱ-ում կազմակերպվող ավտոտրանսպորտային վթարների մասին բոլոր դասընթացներում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ