Ստեփանավանի «Ավիացիայի եւ ինովացիոն տեխնոլոգիաների կրթական կենտրոնում» մեկնարկել են «Հեռակառավարվող սարքեր» խմբակի եռամսյա պարապմունքները։ Դասերը վարում է «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» Ստեփանավանի ուսումնական բազայի դասախոս, «Լոռէ»  փրկարար ջոկատի ավագ հրահանգիչ Մեսրոպ Հովհաննիսյանը։

Խմբակում ընդգրկվել է 13-15 տարեկան 15 աշակերտ։ Ընտրությունը կատարվել է՝ հիմք ընդունելով նաեւ ֆիզիկա ու մաթեմատիկա առարկաներից երեխաների գիտելիքը։ ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրերի ղեկավար Արմեն Առաքելյանը ժպիտով նշում է՝ երկու պարապմունքից հետո 15-ից 10-ը որոշել է ակադեմիա ընդունվել։

Կենտրոնը հագեցած է ուսուցման համար անհրաժեշտ նորագույն պայմաններով։ Միայն սկզբնական փուլում խմբային ձեւաչափով ուսումնական նյութերի պակաս է եղել, սակայն հարցն արագ լուծել են ակադեմիայի փորձառու մանկավարժները։ Տեսական ու գործնական պարապմունքները կհամատեղվեն։ Երեխաները շուտով հնարավորություն կունենան ԱԹՍ-ների թռիչքներ կատարելու։

«Խմբակի գաղափարը մեզ նոր միտք տվեց։ Որոշել ենք ԱԹՍ-ների շահագործման վերաբերյալ արագացված կուրսեր կազմակերպել ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի այս տարվա շրջանավարտների համար՝ անկախ նրանց մասնագիտությունից։ Նրանց կտրվի վկայական»,- մանրամասնում է Արմեն Առաքելյանը եւ հավելեց, որ հայոց բանակն այսօր ԱԹՍ-ների մասնագետների կարիք ունի։

Եղել է դեպք, երբ ակադեմիայի ուսանողը պարզապես իր սոցիալական էջում հրապարակել է լուսանկարներ ԱԹՍ-ների մասին դասից, եւ հրամանատարությունը նրան վերապատրաստել է այդ ուղղությամբ։ Մյուսներն էլ նախնական ոլորտային գիտելիք կունենան եւ անհրաժեշտության դեպքում կօգնեն բանակին։