ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» փրկարարական ֆակուլտետի դասախոսներ փ/ծ մայոր Հովսեփ Բադալյանը, փ/ծ ավագ լեյտենանտ Վահագն Հովակիմյանը, փ/ծ լեյտենանտ Սերյոժա Մարտիրոսյանը եւ վարորդ-փրկարար փ/ծ ենթասպա Վահրամ Ավոյանը մշակել են էլեկտրական շարժիչով եւ հիբրիդ (ունեն լիցքավորվող շարժիչ, աշխատում են նաեւ նավթային վառելիքով) ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգության մասին դասընթաց, որը կներդրվի ՃԿՊԱ-ում փրկարարների վերապատրաստման տարեկան պլանում: Ավտոտրանսպորտային միջոցների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների իրականացման թեմաներով վերապատրաստումներ կազմակերպվում են ամեն տարի: Այս ծրագիրը բացառապես էլեկտրական շարժիչով եւ հիբրիդ ավտոմեքենաների վթարներին է վերաբերում:

Այսօր ՃԿՊԱ ղեկավարության եւ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի, փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գեւորգյանի մասնակցությամբ խորհրդակցությունում վերապատրաստման ծրագիրը հաստատվեց:

Հովհաննես Եմիշյանի խոսքով, էլեկտրական մեքենաների քանակն ավելանում է ու տրանսպորտային վթարներին առաջինն արձագանքողները՝ այդ թվում՝ փրկարարները պետք է իմանան ինչպես վարվել, որ մարդկանց օգնեն, ոչ թե վնասեն իրենց:

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանի խոսքով, էլեկտրական մեքենաների մարտկոցները ունեն գերտաքանալուց ինքնահրկիզման, հարվածի դեպքում՝ բռնկման հավանականություն: Էլեկտրական մեքենայի մի համակարգի խափանման դեպքում կարող են չաշխատել այլ համակարգեր՝ վթարից դռները չտուժեն, բայց չբացվեն, ղեկը չպտտվի եւ այլն: Էլեկտրական եւ հիբրիդային մեքենաներ արտադրում են բազմաթիվ ընկերություններ եւ դրանց կառուցվածքները տարբեր են՝ մեքենաների տարբեր հատվածներում են մարտկոցները, հոսանքի փոխարկիչներն ու ուժեղացուցիչները, բարձր լարման հոսանքագծերը եւ այլն: Այս ամենը փրկարարի համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու՝ ինչպես մեքենայից հանել արգելափակված քաղաքացուն, ինչպես հոսաքազրկել վթարված մեքենան, ուստի այս թեմայով վերապատրաստումն անհրաժեշտություն է: ՃԿՊԱ մասնագետներն ուսումնասիրել են Հայաստանում առկա ամենատարածված էլեկտրական եւ հիբրիդ մեքենաներն ու ըստ դրա կազմել վերապատրաստման դասընթացը:

Առաջին՝ արտապլանային դասընթացները, կկազմակերպվեն արդեն այս փետրվարին՝ Երեւանի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի համար: Միաժամանակ փրկարար ծառայությունը ձեռք կբերի էլեկտրական մեքենաների վթարների դեպքում կիրառվող հատուկ գույք եւ գործիքներ:

ՃԿՊԱ-ում մտադիր են մշակել վերապատրաստման ծրագիր արեւային մարտկոցներով համալրված շինություններում փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքների անվտանգության թեմայով:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ