Ստեփանավանի «Ավիացիայի եւ ինովացիոն տեխնոլոգիաների կրթական կենտրոնն» սկսել է «Հեռակառավարվող սարքեր» խմբակի ընդունելություն՝ 13-15 տարեկան սովորողների համար։ Պարապմունքներն անցկացնելու են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» Ստեփանավանի ուսումնական բազայի հրահանգիչներն ու Հայկական կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի մասնագետները։ Ուսուցումն անվճար է, շաբաթական երկու օր, երեք ամիս տեւողությամբ։

ՃԿՊԱ Ստեփանավանի ուսումնական բազայի միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ սա աննախադեպ փորձ է, արդյունքը պարզ կլինի դասընթացի ավարտին։ Դասերն անցկացվելու են ՃԿՊԱ «Հեռակառավարվող սարքեր որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտության ուսումնական ծրագրի թեմաներով՝ խմբակային ուսուցման ձեւաչափին համապատասխան։

Մասնակիցները ծանոթանալու են բազայում առկա թռչող ու ստորջրյա դրոնների նշանակությանն ու հնարավորություններին, շահագործման պայմաններին, իսկ դասաժամերը հերիքելու դեպքում՝ նաեւ դրոնների սպասարկման ու խնամքի հարցերին։

«Խմբակը լինելու է 20-հոգանոց, այս պահին արդեն 15 հոգու ընդունել ենք։ Առայժմ դիմել են միայն Ստեփանավանից՝ կան նաեւ աղջիկներ։ Ցանկացողները շատ են, սակայն մենք նախապատվությունը տալիս ենք դեռահասներին, որոնց այս խմբակը կօգնի կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում եւ միգուցե դառնալ ակադեմիայի ուսանողը»,- նշում է Արմեն Առաքելյանը։

Թեեւ «Հեռակառավարվող սարքեր որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտությունը դեռ նոր է՝ մեկ տարի է գործում, սակայն բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել տարածաշրջանում։ Ակադեմիայի կրթական ծրագրերի հանրահռչակման նպատակով այս տարի նախատեսվում են բաց դռների օրեր ավարտական դասարանների աշակերտների եւ նրանց ծնողների հետ։ Ակադեմիայի սաներն անձամբ են պատմելու իրենց ստացած կրթության մասին։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Արմեն ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Հ.Գ. Սա երկրորդ դեպքն է, երբ ՃԿՊԱ ուսումնական ծրագրերի հիման վրա կրթական ծրագիր է իրականացվում: 2019 թվականին Արմավիրի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջում բացվեց «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտություն՝ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» հրատարակած գրականության հիման վրա: Քոլեջն այս մասնագիտության արդեն 12 շրջանավարտ է տվել: