Ինչպես ցանկացած այլ ամսին, նոյեմբերին եւս, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» եւ բուհից դուրս կազմակերպվել են ուսանողների ոչ ֆորմալ կրթության ծրագրեր: Մասնավորաբար.

Դեկտեմբերի 1

Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» նախաձեռնությամբ անցկացվել է առցանց գիտագործնական կոնֆերանս «Բնական եւ տեխնածին արտակարգ իրավիճակներից բնակչության եւ տարածքների պաշտպանության զարգացման արդիական հարցեր» թեմայով, որին մասնակցել են ՃՊԿԱ փրկարարական, արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման, ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետների դասախոսներ՝ 8 հոգի:

Դեկտեմբերի 1

«Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության միջին մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողները «Հայոց լեզվի եւ խոսքի մշակույթի հիմունքներ» առարկայի ուսումնառության ընթացքում ուսումնասիրել են «Ճարտասանություն» եւ «Հռետորական արվեսի ծագումը» թեմաները՝ դասախոս Մարինե Կարապետյանի հանձնարարությամբ: Ուսանողներ Էլեն Աղաջանյանը, Անահիտ Մարգարյանը, Աննա Ասլանյանը ներկայացրել են Գարեգին Նժդեհի եւ Գրիգոր Զոհրապի ճարտասանական արվեստի առանձնահատկությունները եւ էսսե՝ նվիրված ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին: Որոշ մեջբերումներ. «Մոնթե Մելքոնյանը մասնակցել է բազմանթիվ ինքնապաշտպանական ազատագրական մարտերի, եղել է խիստ եւ արդար հրամանատար: Նա նույնիսկ գերիների հանդեպ է եղել մարդասեր: Զենք վերցնելուց առաջ նրա համար կարեւոր էր հասկանալ, թե ում եւ հանուն ինչի է կրակելու: Հեռատես եւ մարդասեր Մոնթեն կարող էր փոխել նաեւ այսօրվա Հայաստանը», «Հռետորությունը գիտություն է, իմաստալից, գեղեցիկ խոսելու արվեստի եւ ավելի լայն իմաստով՝ ընդհանրապես գեղարվեստական արձակի մասին: Ճարտասանությունը Հայաստանում մուտք է գործել Քրիստոսից առաջ առաջին դարում, նշանակալից է եղել հինգերորդ դարը: Հռետորական արվեստի տեսությունը Հայաստանում սկզբնավորվել է թարգմանություններով», «Ճարտասանությունը գիտություն է ճիշտ խոսքի մասին՝ դիալեկտիկա եւ գիտություն, որպես գեղեցիկ խոսքի արվեստ՝ հռետորիկա: Մարդկանց միջեւ գոյանում են զանազան տեսակի փոխհարաբերություններ եւ տեղի է ունենում հաղորդակցում: Խոսքի միջոցով մենք նաեւ ճանաչում ենք միմյանց. բավական է մեկ-երկու րոպե լսել մարդուն եւ նրա մասին հնարավոր է որոշակի պատկերացում կազմել: Սակայն ճարտասանությունն ընդամենը հմտություն է եւ չի կարող փոխարինել անբովանդակ խոսքին»:

Դեկտեմբերի 5

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախումբը Երեւանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցի աշակերտների համար խաղացել է «Աղետիկը» երաժշտական ներկայացումը: Բեմադրության հիմքում ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծություններն են: Նպատակը՝ «Կրթություն խաղի միջոցով» ձեւաչափով անվտանգության մշակույթի ձեւավորմանը նպաստելը: Դահլիճը հրաշալի ընդունեց ներկայացումը: Փոքրիկ դերասանները հրաշալի հասցրեցին ներկայացման իմաստը, որի ապացույցը ներկայացման ավարտին ծավալված հարց ու պատասխանն էր: Ակնհայտ էր, որ երեխաները յուրացրել էին աղետներից պաշտպանվելու մշակույթի կանոնները:

Դեկտեմբերի 8

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» «Լուսակերտ» ուսումնական բազայում եւ Արզնու ձորում անցկացվեց «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» դաշտային վարժանք, որին մասնակցեց նաեւ ՃԿՊԱ 9 ուսանող: Ակտիվ մասնակցության համար ուսանողներ Սոֆյա Վարդանյանը, Թերեզա Հախվերդյանը, Ֆրունզե Ավետիսյանը, Արթուր Գրիգորյանը, Նարեկ Պողոսյանը, Դարիկո Ասատրյանը, Հայկ Թադեւոսյանը, Սվետլաննա Օգանեզովան, Վերա Ղազարյանը շնորհակալագրեր ստացան

Դեկտեմբերի 9

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզաննա Ղարիբյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Իմ նոր տարին» ֆիլմի դիտում: Ֆիլմը երկրաշարժի պատճառով կնոջը կորցրած եւ երկու մանկահասակ երեխայի միայնակ մեծացնող տղամարդու մասին է: Ռուզաննա Ղարիբյանը վստահ է, որ արվեստը կարեւոր է արհավիրքից հետո ուժ գտնելու հարցում:

Դեկտեմբերի 19

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության միջին մասնագիտական կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողները, դասախոս Անուշիկ Ջավահիրյանի գլխավորությամբ, բաց դասի ձեւաչափով ներկայացրեցին «Կյանքի ոչ բջջային ձեւեր՝ վիրուսներ» եւ «Բակտերիաներ» թեմաները: Ուսանողները խոսեցին բակտերիաների կառուցվածքի, օգտակար եւ վնասակար բակտերիաների, վիրուսների մասին: Ներկայացվեցին բակտերիաներով եւ վիրուսներով պայմանավորված հիվանդություններ, նրանց ախտանշաններ եւ պայքարի միջոցները, վարակի տարածման ուղիները:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են դասախոսներն ու ուսանողները