Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մշակույթի կենտրոնը դեկտեմբերի 29-ին, «Կրթություն խաղի միջոցով» ձեւաչափով «Աղետիկը Ամանորին» ուսուցողական-երաժշտական ներկայացմամբ շնորհավորել է պրոֆեսոր Ռուբեն Հովսեփի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող եւ Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի երեխաներին:

«Աղետիկը Ամանորին» բեմադրությունը ուշադրություն է հրավիրում Ամանորի «վազքին» բնորոշ ռիսկերին եւ հորդորում զգույշ լինել տոնածառը զարդարելիս, լույսերի հետ խաղալիս եւ սովորեցնում է Ամանորի հրդեհային անվտանգության կանոնները։

Ներկայացման վերջում Ձմեռ պապը եւ փոքրիկ դերասանները երեխաներին բաժանեցին ամանորյա նվերներ, որը պատրաստել էր արտակարգ իրավիճակների նախարարությունը: Երեխաներին շնորհավորել եւ նվերներ են հանձնել ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը եւ ԱԻ նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը։

Ներկայացման ավարտին կենտրոնի տնօրենը կրկնեց «Աղետիկի» պատգամը՝ հեռու մնալ վտանգներից: Հարցուպատասխանը պարզեց, որ երեխաները գիտեն ում պետք է դիմեն վտանգի դեպքում՝ պետք է զանգահարեն 911։