ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատվել է արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2023 թվականի վերապատրաստման դասընթացների անցկացման ծրագիրը: Ըստ ծրագրի, կկազմակերպվի վերապատրաստման 27 դասընթաց, որոնցից չորսը՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով: Դասընթացներին կմասնակցի 405 փրկարար՝ մարզային փրկարարական վարչությունների ղեկավար կազմեր, հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ եւ հրամանատարի տեղակալներ, խմբի պետեր, օղակի հրամանատարներ, ջրափրկարարներ, հրշեջ-հրահանգիչներ եւ այլք:
Դասընթացների թեմաներն են. «Արտակարգ իրավիճակներում եւ ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների հետ վարվելաձեւը», «Լեռնափրկարարական աշխատանքների կազմակերպում ձնածածկ տարածքներում», «Անտառային եւ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության ապահովում», «Փլուզված շինություններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներ», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում իրականացվող փրկարարական աշխատանքներ», «Ավտոտրանսպորտային միջոցների վթարների դեպքում իրականացվող փրկարարակական աշխատանքներ» եւ այլն:
ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» համագործակցության պայմանագրեր ունի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի եւ այլ կազմակերպությունների հետ: Այս պայմանագրերի շրջանակներում կկազմակերպվեն «Փրկարարական պատրաստություն», «Հակահրդեհային պատրաստություն» թեմաներով դասընթացներ եւ պրակտիկ ուսումնական վարժանքներ:
Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ վերապատրաստումներին միշտ էլ մասնակցում է նախատեսվածից ավելի մարդ:
2018 թվականին 259 փրկարարի փոխարեն վերապատրաստումներին մասնակցել է 471 փրկարար: Եվս 320 հոգի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու համար ՃԿՊԱ-ում եռամսյա ուսումնական փորձաշրջան է անցել:
2019 թվականին 319 փրկարարի փոխարեն մասնակցել է 454 փրկարար: Եվս 219 հոգի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու համար ՃԿՊԱ-ում եռամսյա ուսումնական փորձաշրջան է անցել:
2021 թվականին 300 փրկարարի փոխարեն մասնակցել է 684 փրկարար, որից 395-ը՝ արտապլանային դասընթացների ունկնդիրներն են: Եվս 104 հոգի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու համար ՃԿՊԱ-ում եռամսյա ուսումնական փորձաշրջան է անցել:
2022 թվականին 350 փրկարարի փոխարեն մասնակցել է 395 փրկարար: Եվս 82 մարդ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու համար ՃԿՊԱ-ում եռամսյա ուսումնական փորձաշրջան է անցել:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ