ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տպագրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մասնագետների հեղինակած եւս երկու ուսումնական ձեռնարկ. «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները եւ դրանց շահագործումը», «Հեռակառավարվող համակարգերում ապարատածրագրային միջոցների կիրառումը»: Ձեռնարկները նախատեսված են միջին մասնագիտական կրթական ծրագրի համար:

«Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները եւ դրանց շահագործումը» ուսումնական ձեռնարկի հեղինակներն են ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը եւ դասախոս Արայիկ Գասպարյանը: Ձեռնարկում ներկայացված են պաշտպանական կառույցների տեսակները, այդ կառույցների տարածքների պլանավորումը, սենյակների դասավորությունը, ջերմամեկուսացումը, հակահրդեհային պահանջները, կապի միջոցները եւ դրանց տեխնիկական սպասարկումը, սանիտարատեպնիկական պահանջները, խաղաղ պայմաններում պաշտպանական կառույցների օգտագործման հնարավորությունները եւ այլն: Գրքում կան նաեւ թեստեր եւ դրանց պատասխանները:

«Հեռակառավարվող համակարգերում ապարատածրագրային միջոցների կիրառումը» ուսումնական ձեռնարկի հեղինակներն են ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, ՃԿՊԱ դասախոս Մարինա Փոթիկյանը, Երեւանի պետական համալսարանի դասախոս Քաջիկ Ավետիսյանը: Ձեռնարկում ներկայացված են տարբեր ծրագրային միջավայրեր՝ ARDUINO, TINKERCAD, ROBOPRO, ապարատածրագրային համակարգերում տեղեկատվության հաղորդման տրամաբանական եւ մաթեմատիկական հիմունքները եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ