Լույս է տեսել «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդեսի հերթական (այս տարվա երկրորդ)՝ 21-րդ համարը: Հանդեսը համապատասխանում է ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջներին:

Ինչպես եւ նախորդ համարները, «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսի 21-րդ համար էլ երեք բաժին ունի. «Կառավարում եւ տնտեսագիտություն», «Տեխնոլոգիաներ», «Ուսումնամեթոդական եւ գիտամեթոդական հիմնախնդիրներ»:

Հանդեսի 21-րդ համարում ներկայացված է ավելի քան 70 հեղինակի 38 հոդված. «Երեւանում սեյսմիկ ինտենսիվության արտապարկերման ծրագրային փաթեթի մշակում», «Պաշտպանական կառույցների էլեկտրատեխնիկական համակարգերը», «Ճգնաժամային կառավարումը եւ քաղաքների անվտանգության ապահովումը», «Տարերային աղետների ռիսկերի կառավարման ժամանակակից խնդիրները Հայաստանում», «Արտաքին որակավորման միջազգային չափորոշիչներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական թիմի վարժանքի կազմակերպման մեթոդական ցուցումներ», «Մարդկային գործոնը պատվարներում միջադեպերի եւ վթարների ժամանակ», «Ճարտարապետական հուշարձանների կայունության գնահատման մոդելը բնության վտանգավոր երեւույթների ներգործության դեպքում», «Արտակարգ իրավիճակների հետեւանքով աշխատանքից զրկված քաղաքացիների զբաղվածության ապահովումը», «Հետաղետային կարիքների գնահատման մեթոդաբանության հարցերը» եւ այլն:

«Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսը հրատարակում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան»՝ 2010 թվականից:

2010 թվականից հրատարակվում էր ժողովածուի տարեկան մեկ-երկու համար: Ակադեմիայի ղեկավարության որոշմամբ, 2019 թվականից մշտապես հրատարակվում է տարեկան երկու համար: Հանդեսի գլխավոր խմբագիրը ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն է, խմբագրի տեղակալը՝ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պռոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը, պատասխանատու քարտուղարը՝ ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու Վահագն Կրբեկյանը:

Մինչ օրս «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսում հրատարակվել է մոտ 550 հոդված, որի 60 տոկոսը՝ ակադեմիայի մասնագետների հեղինակած: Եղել են Հայաստանի այլ բուհերից եւ այլ պետություններից ուղարկված հոդվածներ: «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսը չի վաճառվում, տրամադրվում է գրադարաններին, ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների՝ այդ թվում՝ փրկարար ծառայության մարզային կառույցներին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ