Այսօր՝ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» խորհրդի նիստ՝ ՃԿՊԱ խորհրդի նախագահ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանի նախագահությամբ։ Ամփոփվեց անցնող՝ 2022 թվականը, հաստատվեցին եկող տարվա՝ 2023 թվականի աշխատանքների հիմնական ուղղությունները։ Ըստ ուղղությունների․

Քաղաքացիական անձանց վերապատրաստումներ

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպել է առկա եւ հեռավար 112 դասընթաց (90՝ առկա, 22՝ հեռավար)՝ 2022 թվականի պլանով նախատեսված 86-ի փոխարեն։ Վերապատրաստվել է 3008 ունկնդիր՝ 2022 թվականի պլանով նախատեսված 2045-ի փոխարեն։ Վերապատրաստվում են հանրային կյանքի բոլոր ոլորտների մասնագետներ․ պետական գերատեսչությունների (նախարարություններ, մարզպետարաններ եւ այլն), համայնքապետարանների ներկայացուցիչներ եւ ղեկավար պաշտոններ զբաղեցնողներ, քաղաքացիական պաշտպանության շտաբների եւ տարհանման հանձնաժողովների ղեկավարներ, Երեւանի մետրոպոլիտենի ղեկավար աշխատողներ եւ մասնագետներ, բուհերի, միջին մասնագիտական կրթական հաստատությունների դասախոսներ եւ ուսանողներ, հանրակրթական եւ նախադպրոցական հաստատությունների տնօրեններ, մեթոդիստներ, դաստիարակներ, ուսուցիչներ, սոցիալական ապահովության ծառայության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, կապի, տրանսպորտի, շինարարական, բնակշահագործման, մշակույթի, սպորտի, բնապահպանական, առողջապահական, արդյունաբերական, էներգետիկական կազմակերպությունների փոխտնօրեններ եւ քաղաքացիական պաշտպանության մասնագետներ:

Փրկարարների վերապատրաստումներ

2022 թվականի աշխատանքային պլանով նախատեսված էր վերապատրաստման 23 դասընթաց՝ 350 փրկարարի համար։ Կազմակերպվել է 25 դասընթաց՝ 395 փրկարարի համար։ Դասընթացներից 8-ը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով էր։ Սրան զուգահեռ, կազմակերպվել է ԱԻՆ փրկարար ծառայությունում ծառայության անցնող 82 մարդու եռամսյա ուսումնական փորձաշրջան-դասընթաց։

Կրթություն

Այս տարի ակադեմիայի միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերն ավարտել է 305 շրջանավարտ, ընդունվել 401 դիմորդ, այսօր ակադեմիան ունի 1169 ուսանող՝ 287 միջին մասնագիտական կրթական ծրագիր, 837 բակալավր, 43 մագիստրոս։ Ակադեմիայի դասախոսներից 13-ը գիտությունների դոկտոր, պրոֆեսոր են, 57-ը՝ գիտությունների թեկնածու, դոցենտ։ Դասախոսները մշտապես մասնակցում են վերապատրաստման տարբեր ծրագրերի։

Գիտահետազոտական աշխատանքներ

2010 թվականից հրատարակվում է «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական հանդեսը, որն ընդգրկված բարձրագույն որակավորման կոմիտեի՝ ԲՈԿ, «Ատենախոսությունների հիմնական արդյունքները եւ դրույթները» հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում: Առայսօր հրատարակվել է 21 համար՝  591 հոդված։ Հոդվածների կեսից ավելին հեղինակել են ակադեմիայի մասնագետները։ Հանդեսի խմբագրական խորհրդի կազմում ընդգրկված են գիտական ճանաչում եւ վաստակ ունեցող գիտությունների 16 դոկտոր, 6 թեկնածու, այդ թվում՝ 4-ը՝ օտարերկրացի։

Միջազգային համագործակցություն

Ակադեմիան իրականացրել է ուսուցման 10 միջազգային ծրագիր (նաեւ հեռավար)։ Մասնավորաբար․ Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում կենսաանվտանգության ասոցացիա ծրագրի շրջանակներում Եվրամիության գիտահետազոտական տարբեր կազմակերպությունների հետ։ Այս ծրագրին մասնակցում է 17 երկիր՝ Հայաստան, Բելգիա, Հունաստան, Ավստրիա, Իսպանիա, Մալթա եւ այլն:

Եվրամիության բնակչության պաշտպանության  եւ հումանիտար աջակցության գլխավոր տնօրինության (DG-ECHO) բնակչության պաշտպանության միջազգային թիմի հետ:

Կոպենհագենի համալսարանական քոլեջի արտակարգ իրավիճակներին եւ ռիսկի դեպարտամենտի մասնագետների հետ:

ՌԴ, Նիդեռլանդիայի, Վրաստանի եւ Հայաստանի ոլորտային բուհերի ու կազմակերպությունների հետ:

2023 թվականին այս բոլոր ծրագրերը կշարունակվեն։ Նախատեսված են նաեւ՝ նոր մասնագիտությունների ներդրում, ինստիտուցիոնալ հավատարմագրմանն ուղղությամբ միջազգային գործունեության ակտիվացում, միջազգային գիտաժողովների, վեբինարների, վերապատրաստումների, սեմինարների ու կլոր սեղանների առցանց կազմակերպում, ուսանողական գիտաժողովների կազմակերպում, դիմորդների մասնագիտական կողմնորոշման աշխատանքների ակտիվացում, ակադեմիայի կայքէջի նորացում եւ այլն։

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Արամ Մնացականյանի