Դեկտեմբերի 15-ին անցկացվելու է «Տեխնիկական անվտանգություն եւ բնապահպանական կառավարում» թեմայով տարածաշրջանային առցանց օլիմպիադա՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի միջին մասնագիտական ուսումնական հսատատությունների սովորողների համար: Օլիմպիադային կմասնակցի նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների մեկ թիմ՝ «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությամբ սովորող երեք ուսանող՝ Էլեն Աղաջանյան, Սամվել Մկրտչյան, Հուսիկ Ներսեսյան: Նույն մասնագիտության երեք այլ ուսանող՝ Ալինա Նահապետյան, Արտյոմ Մկրտչյան, Նարեկ Աբրահամյան, օլիմպիադայի մասնակիցներին օգնողների թիմն է:

Տարածաշրջանային առցանց օլիմպիադա անցկացնելու նախաձեռնության հեղինակը Ռուսաստանի դաշնության Թաթարստանի հանրապետության Տետյուշի քաղաքի քաղաքացիական պաշտպանության պետական քոլեջն է, ՃԿՊԱ թիմը այս օլիմպիադային մասնակցում է երկրորդ անգամ:

Օլիմպիադայի մրցույթային ծրագրի բաղադրիչներից մեկն էլ մանկապարտեզում առաջին օգնության եւ աղետների ու ռիսկերի մասին դաս եւ գործնական պարապմունք անցկացնելն է: ՃԿՊԱ թիմը դա արեց Երեւանի համար 43 մանկապարտեզում՝ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկան Վահագն Կրբեկյանի եւ փրկարարական ամբիոնի դասախոս Մերի Պետրոսյանի ղեկավարությամբ:

Տեսնելու բան էր, թե ինչպես են փոքրիկները ոգեւորությամբ կրկնում ուսանողների գործողությունները քթից արյունահոսությունը դադարեցնելու կամ բաց վերքը մշակելու նպատակով: Իսկ հարցուպատասխանը ցույց տվեց, որ մանկապարտեզի երեխաները արդեն որոշակի գիտելիքներ ունեն երկրաշարժի կամ հրդեհի մասին, գիտեն ինչպես Ամանորյա ուրախ լույսերը, հրավառություններն ու մոմերը չդարձնել հրդեհի աղբյուր:

Տեսական եւ գործնական ողջ դասը նկարահանվեց եւ կուղարկվի օլիմպիադայի ժյուրիին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ