Ինչպես ցանկացած այլ ամսին, նոյեմբերին եւս, ՀՀ աքրտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» եւ բուհից դուրս կազմակերպվել են ուսանողների ոչ ֆորմալ կրթության ծրագրեր, դասախոսները մասնակցել են վերապատրաստման տարբեր ծրագրերի, քննարկումների: Մասնավորաբար.

Նոյեմբերի 22

ՃԿՊԱ դասախոսներ Ռուզաննա Ղարիբյանը, Մյասնիկ Եսոյանը, Կարինե Ղալթաղչյանը, Լիլիթ Սահակյանը, Աննա Ասատրյանը մասնակցել են «Դասավանդման եւ ուսումնառության մեթոդներ» թեմայով քննարկման: Գիտությունների ազգային ակադեմիայի, ազգային ագրարային համալսարանի, տնտեսագիտական համալսարանի, ֆրանսիական համալսարանի, որակի ապահովման ազգային կենտրոնի մասնագետների հետ քննարկվել են բուհերի կարողությունների զարգացման տարբեր ծրագրեր՝ Էրազմուս+ շրջանակներում՝ PRINTeL, TOPAS, ABIONET, MENVIPRO, REFINE:

Նոյեմբերի 23

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի դասաժամին կազմակերպվել է գրական ընթերցում. «Միջնադարյան քնարերգություն. Նահապետ Քուչակ» խորագրով:

ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի «Փրկարարական գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները (դասախոս՝ Անահիտ Պապոյան, կուրսղեկ՝ Աստղիկ Հովհաննիսյան) ներկայացրել են Վանի, Կիլիկիայի միջնադարյան պատմական միջավայրը, ժամանակի քաղաքական-հասարակական իրողությունները, մշակութաբանական նախադրյալները, որոնք նախապատրաստել էին միջնադարյան մշակութային բուռն վերելքը եւ դրա դրսեւորումները՝ ճարտարապետություն, գրչություն, մանրանկարչություն, գրականություն: Ցուցադրվել են Կիլիկիայի գրչության կենտրոնների ձեռագրական արվեստի լավագույն նմուշներ:

Ունկնդիրների համար մեծ անակնկալ էր Քուչակի հայրենները տարբեր լեզուներով զուգահեռաբար լսելը: Մասնակից ուսանողները՝ Միլենա Վարդանյան, Անի Հակոբյան, Աստղիկ Խաչատրյան, Գոռ Հովհաննիսյան, հնչեցրեցին հայրենները ռուսերեն, անգլերեն, վրացերեն, արաբերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, ուկրաիներեն լեզուներով: Սա գեղեցիկ փորձ էր տարբեր միջոցներով ոգեկոչել միջնադարյան հարուստ գրական ժառանգության մի գունեղ դրվագ:

Նոյեմբերի 24

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի փոքրիկ դերասաններն «Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան» դպրոցում խաղացին «Աղետիկը երաժշտական ներկայացումը: Բեմադրության հիմքում ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծություններն են: Նպատակը՝ «Կրթություն խաղի միջոցով» ձեւաչափով անվտանգության մշակույթի ձեւավորմանը նպաստելը: Նեկայացումը դիտեց ավելի քան 150 աշակերտ:

Նոյեմբերի 28

ՃԿՊԱ ուսանողների նախաձեռնությամբ ակադեմիայի բակում անցկացվեց բազկամարտ մինի առաջնություն՝ ֆիզիկական պատրաստության նկատմամբ լրացուցիչ հետաքրքրություն ապահովելու նպատակով: Մրցավարական հանձնաժողովը ղեկավարում էր ՃԿՊԱ ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը:

Առաջնությանը մասնակցեց ավելի քան 20 ուսանող՝ միջին մասնագիտական եւ բակալավրի կրթական ծրագրերի առաջին եւ երկրորդ կուրսերից: Սահմանված էր երեք քաշային կարգ.

  1. 50-60 կգ: Հաղթեց Արգիշտի Ավետյանը:
  2. 60-70 կգ: Հաղթեց Վահե Սարգսյանը:
  3. 70+ կգ: Հաղթեց Գարիկ Սանամյանը:

Հաղթողները պարգեւատրվեցին պատվոգրերով:

Նոյեմբերի 30

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դոցենտ փ/ծ գնդապետ Հովհաննես Խաչատրյանը բակալկավրի կրթական ծրագրի «Փրկարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի 17 ուսանողի հետ «Հրդեհների կանխարգելում» առարկայի գործնական պարապմունք էր կազմակերպել Օպերային թատրոնում եւ Մատենադարանում: Սրանք կարեւորագույն օբյեկտներ են: Ուսանողները ծանոթացել են հակահրդեհային անվտանգության բոլոր միջոցներին՝ հրդեհաշիջման առաջնային միջոցներից՝ կրակմարիչներից մինչեւ հակահրդեհային ինքնաշխատ համակարգ:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ