ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի 46-Ն եւ 2021 թվականի սեպտեմբերի 16-ի 1517-Ն որոշումներով հաստատվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման եւ տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգը: Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման հիմնական նպատակն է՝ կատարելագործել նրանց տեսական գիտելիքները եւ գործնական ունակությունները` ուղղված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը, նյութական եւ մշակութային արժեքների պաշտպանությանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կայուն գործունեության ապահովմանը: Այս ամենն արվում է ուսումնավարժությունների, վարժանքների, գործնական պարապմունքների, դասախոսությունների, սեմինարների միջոցով:

Ամեն տարի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան մշակում է սեմինարների եւ դասընթացների տարեկան պլաններ, իսկ ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում վերապատրաստումները:

Հաստատվել է վերապատրաստումների 2023 թվականի ծրագիրը, համաձայն որի, եկող տարի ՃԿՊԱ-ում կկազմակերպվի վերապատրաստման 87 դասընթաց՝ 2035 քաղաքացիական անձի համար՝ հանրակրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, դաստիարակներ, շինարարական, բնակշահագործման կազմակերպությունների ներկայացուցիչներ, Երեւանի մետրոպոլիտենի աշխատակիցներ, համայնքային եւ պետական տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ: Վերապատրաստման թեմաները բազմազան են Սպիտակի երկրաշարժի դասերից ու քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներից մինչեւ աղետների ռիսկի կառավարման եւ երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցեր:

Նախորդ տարիներին անցկացված վերապատրաստումների վիճակագրությունը վկայում է, որ կազմակերպվում են ավելի շատ դասընթացներ եւ վերապատրաստվում է ավելի շատ ունկնդիր, քան նախատեսված է պլանով:

2016 թվականին նախատեսված 1830-ի փոխարեն վերապատրաստվել է 1884 մարդ:

2017 թվականին նախատեսված 1830-ի փոխարեն վերապատրաստվել է 1941 մարդ:

2018 թվականին նախատեսված 1855-ի փոխարեն վերապատրաստվել է 2003 մարդ:

2019 թվականին նախատեսված 2000-ի փոխարեն վերապատրաստվել է 2206 մարդ:

2020 թվականին նախատեսված 2000-ի փոխարեն վերապատրաստվել է 2665 մարդ:

2021 թվականին նախատեսված 2025-ի փոխարեն վերապատրաստվել է 2247 մարդ:

2022 թվականին նախատեսված է 2045 ունկնդիր, արդեն վերապատրաստվել է 2788 մարդ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ