2022 թվականի նոյեմբերի 18-ը արտասովոր էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների համար. «Իրավունքի հիմունքներ» առարկայի դասն անցկացվեց ոչ թե լսարանում, այլ Երեւանի Բուսաբանական այգում։
Դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզաննա Ղարիբյանը նպատակահարմար էր գտել շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների, բնական ու ոչ բնական օբյեկտների, էկոլոգիական իրավունք մասին խոսել էկոմիջավայրում։

Ռուզաննա Ղարիբյանի եւ ՃԿՊԱ ջրափրկարարական ցիկլի պետ, միջազգային կարգի փրկարար, ստորջրյա կողմնորոշում եւ ստորջրյա արագընթաց լողի ԽՍՀՄ սպորտի վարպետ Արտակ Էլմասակյանի ուղեկցությամբ ուսանողները այցելեցին հնէաբուսաբանական թանգարան, որը հիմնադրվել է 2008 թվականին՝ Գերմանիայի օգնությամբ: Թանգարանում ցուցադրված է Հայաստանի բրածո բույսերի կենսաբազմազանությունը՝ թխկիներ, կաղնիներ, բարդիներ նմուշներ, սոսու ժամանակակից տերեւների չափեր ու ձեւեր եւ այլն: Ուսանողները եղան արեւադարձային եւ մերձարեւադարձային բույսերի հավաքածուների ջերմատանը, իսկ ինտերակտիվ դասն ավարտվեց փոքրիկ խաղով, որի ժամանակ ուսանողներն առաջարկեցին շրջակա միջավայրի պահպանման տարբերակներ՝ աղտոտման համար վարչական տուգանքներ կիրառելուց մինչեւ կենդանիների զբոսանքի համար հատուկ նախատեսված տարածքներ, ջրի ոչ նպատակային կիրառության սահմանափակումից մինչեւ որսագողության դեմ խիստ պատժամիջոցներ եւ այլն։

Ուսանողների պնդմամբ այսօրինակ դասերն ավելի հիշվող են, տպավորիչ եւ արդյունավետ:

Լուսանկարները տրամադրել է Ռուզաննա Ղարիբյանը