Դպրոցում անվտանգության մշակույթի ներդրման նախաձեռնություն են կյանքի կոչելու Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» եւ Երեւանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցը:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի խոսքով, դպրոցում դասավանդվող առարկաների մեջ անվտանգության մշակույթին առնչվող թեմաներ եւ մոտեցումներ կներառվեն եւ «Պատանի հրշեջ-փրկարար» հենակետային վարժարանի կրթական ծրագրերի համար գրականություն կտրամադրվի, դասավանդման մեթոդաբանություն կներդրվի:

Սրա համար ակադեմիան կիրականացնի ուսուցիչների վերապատրաստում, դժբախտ պատահարների նվազեցման նպատակով, դպրոցականների էքսկուրսիաներից եւ արշավներից առաջ սովորողների համար անվտանգության կանոնների ուսուցում կկազմակերպի, ոչ ֆորմալ ուսուցման միջոցով սովորողների մոտ կձեւավորի հրշեջ-փրկարարական գործնական հմտություններ եւ այլն: Երեւանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցն էլ իր կրթական ծրագրերում կօգտագործի ակադեմիայի մշակած նյութերը, վարժությունները, իրավիճակային խնդիրները:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» խորացնում է համագործակցությունը նաեւ Արմավիրի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջի հետ: Այս կրթօջախում 2019 թվականին բացվել է «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտություն, այս տարի արդեն 12 շրջանավարտ կա:

Այսօր «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» եւ Արմավիրի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջը պայմանագիր կնքեցին համաձայն որի, քոլեջը բարձր առաջադիմությամբ (միայն «Լավ» եւ/կամ «Գերազանց» գնահատականներով) ավարտած շրջանավարտները կարող են ուսումը շարունակել ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի համապատասխան մասնագիտության միանգամից երկրորդ կուրսից: Նման հնարավորություն սահմանված է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի 752-Ն որոշմամբ: Ակադեմիան քոլեջին կօգնի ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման հարցում: Քոլեջն էլ շրջանավարտների որակավորման քննությունների հանձնաժողովներում կընդգրկի ակադեմիայի մասնագետներին:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ