Նոյեմբերի 17-ը ուսանողության միջազգային օրն է: Տոնը նշվում է 1946 թվականից: 1939 թվականի հոկտեմբերին Չեխոսլովակիայում ուսանողներն ու դասախոսները բողոքի ակցիաներ էին կազմակերպում ընդդեմ օկուպանտ ֆաշիստական ուժերի: Ակցիաները դաժանորեն ճնշվեցին, մեկ ուսանող զոհվեց, նրա հուղարկավորությունն էլ դարձավ ընդըվզման գործողություն, ձերբակալվեցին հարյուրավոր ուսանողներ եւ դասախոսներ, 9 ուսանող, նոյեմբերի 17-ին, առանց դատարանի մահապատժի ենթարկվեց:

Այդ տարվանից նոյեմբերի 17-ին նշվում է ուսանողության միջազգային օրը: 1946 թվականին Լոնդոնում անցկացվեց ֆաշիզմի դեմ պայքարող երկրների ուսանողների միջազգային հավաք, որտեղ եւ նոյեմբերի 17-ն արդեն պաշտոնապես հռչակվեց ուսանողության միջազգային օր:

Ուսանողության միջազգային օրը նշեց նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան»: Բուհը հյուրընկալել էր կանադաբնակ պատանի ջութակահար, 16-ամյա Արմեն Հովհաննիսյանին: Արմենը կատարեց հայկական եւ այլ ազգերի 12 ստեղծագործություն:

Արմենն առաջին անգամ ջութակը ձեռքն է առել երաժշտական ճամբարում, երբ երեք տարեկան էր: Այսօր նաեւ իր հեղինակային ստեղծագործություններն ունի: Երազում է հանդիպել հայտնի երաժիշտ Սամվել Երվինյանին: Կատակով նշում է՝ մանուկ հասակում, աչքերը փակ, կարող էր ժամերով լսել նրան:

Չնայած Կանադայում ապրելուն՝ Արմենն իր մայրենի լեզուն հայերենն է համարում, քաջածանոթ է իր արմատներին: Այս շրջանում Կոտայքի մարզի Զովք գյուղում մի բնապահպանական նախաձեռնություն է իրականացնում՝ 200 ընկուզենի է տնկելու:

Պատանու հետագա նպատակները երաժշտության հետ են կապված:

Արմեն Հովհաննիսյանի երաժշտական ողջույնից զատ, ՃԿՊԱ ուսանողներին շնորհավորեց նաեւ ճգնաժամային կառավարման եւ արտակարգ իրավիճակների ֆակուլտետի դեկան Վահագն Կրբեկյանը: «Հաջողակ մարդը կրթված, պատրաստված, մրցունակ ու ուժեղ մարդն է: Ակադեմիան իր հնարավորությունների սահմանում այդ ամենը տալիս է ձեզ: Սա պատահական բուհ չէ, նույնիսկ ավարտելուց հետո մենք պետք է իրար օգնենք: Արժանի լինենք փրկարարի վեհ կոչմանը», – նկատեց Վահագն Կրբեկյանը:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ