Այս տարվա հունիսից մեկնարկել է «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը, որն իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամների նախաձեռնությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է Ավստրիական զարգացման գործակալությունը։ Նպատակն է Հայաստանի 8 խոշորացված համայնքի 99 բնակավայրում կատարել ուսումնասիրություններ՝ «Տեղական մակարդակում ռիսկի կառավարում» մեթոդաբանությամբ, հավաքել տվյալների բազա։

ԱՌՆԱՊ ներկայացուցիչ Վահան Հարությունյանի խոսքով՝ նախապատրաստական փուլում ծրագրային թիմն արտակարգ իրավիճակների նախարարության օժանդակությամբ հանդիպում-քննարկում է ունեցել շահագրգիռ գերատեսչությունների հետ, ներկայացրել ծրագիրը։ Կազմակերպվել են նաեւ հանդիպումներ Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզպետարանների, Գորիսի, Վայքի, Տեղի, Իջեւանի, Ստեփանավանի, Լոռի Բերդի, Գյուլագարակի ու Անիի համայնքապետարանների ներկայացուցիչների հետ։

Եռօրյա դասընթացի շրջանակում վերապատրաստվել են թիրախային համայնքներում ձեւավորված տեղական թիմերը՝ 5 թիմ, յուրաքանչյուրում՝ 4 ներկայացուցիչ։ Մասնակիցները ծանոթացել են տվյալների հավաքագրման գործիքակազմին, դրանց թվայնացման ձեւաչափերին, լրացման սկզբունքներին եւ այլն:

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը փորձագիտական խումբը Գորիս եւ Վայք համայնքներում էր։

Առավել մանրամասն՝ այստեղ