Լույս է տեսել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոսներ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Պետրոսյանի եւ մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզաննա Ղարիբյանի հեղինակած «Արտակարգ իրավիճակներում դպրոցականի անվտանգության մշակույթի ձեւավորումը եւ զարգացումը» մենագրությունը:
Հայկ Պետրոսյանն ու Ռուզաննա Ղարիբյանը հետազոտել են արտակարգ իրավիճակներում դպրոցականի անվտանգության մշակույթի ձեւավորման եւ զարգացման գործընթացը:
Գիրքն ունի երեք գլուխ. «Արտակարգ իրավիճակներում դպրոցականի անվտանգության մշակույթի զարգացման գիտատեսական եւ գիտամեթոդական հիմքերը», «Արտակարգ իրավիճակներում դպրոցականի անվտանգության մշակույթի ձեւավորման եւ զարգացման մանկավարժական տեխնոլոգիաների առանձնահատկությունները», «Արտակարգ իրավիճակներում դպրոցականի անվտանգության մշակույթի զարգացման մանկավարժական տեխնոլոգիաների կիրառումը եւ արդյունավետության փորձարարական ստուգումը»: Ներկայացված են տասնյակ հարցեր՝ արտակարգ իրավիճակներում դպրոցականի անվտանգության մշակույթի ձեւավորման եւ զարգացման գործընթացի նպատակը, բովանդակությունը, միջոցները, չափանիշները, օրինաչափությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դպրոցականների անվտանգության մշակույթի զարգացման գործընթացում եւ այլն:
«Արտակարգ իրավիճակներում դպրոցականի անվտանգության մշակույթի ձեւավորումը եւ զարգացումը» գրքում առաջարկվում են նաեւ հանրակրթական դպրոցներում անվտանգության մշակույթի դաստիարակությանն ուղղված ծրագրային եւ արտադասարանական պարապմունքների թեմաներ: Օրինակ՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասերին կարելի է խոսել անվտանգ կենսագործունեությունից, հարձակման ժամանակակից միջոցներից, միջուկային, քիմիական, կենսաբանական զենքերից, խոցման ոչ ավանդական միջոցներից, ազդարարման միասնական համակարգից, պաշտպանական կառույցներից եւ այլն: Կենսաբանության դասին կարելի է խոսել բնության վրա մարդու ազդեցության ժամանակակից ծավալներից, ջրի եւ հողի աղտոտվածությունից: Ֆիզկուլտուրայի դասին տեղին է խոսել առողջ ապրելակերպից:
Գիրքը օգտակար կլինի մագիստրոսի եւ հետբուհական կրթական ծրագրերի ուսանողներին եւ ասպիրանտներին, հայցորդներին, հանրակրթական դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, բարձրագույն ուսումնական հաստատություններում մանկավարժություն դասավանդողներին:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ