ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 11-ն անցկացվում է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության բոլոր 10 մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից հերթափոխի պետեր՝ 14 փրկարար: Դասընթացներն անցկացվում են «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում», ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում, ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունում:

10-օրյա դասընթացի 5 օրը տեսական դասախոսություններ են, 5 օր՝ գործնական պարապմունքներ: Թեմաներն են. «Հրշեջ-փրկարարական ջոկատներում տեսական եւ գործնական պարապմունքների կազմակերպման մեթոդական ցուցումներ», «Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում», «Ավտոտրանսպորտային վթարների դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Փոքր մեխանիզացիայի միջոցների, սարքավորումների տեսակները եւ դրանց ներկայացվող հիմնական պահանջները», «Փրկարար ծառայողների ֆիզիկական պատրաստության նպատակը, խնդիրները կազմակերպման առանձնահատկություններն ու իրավական ապահովումը», «Հավասարակշռություն, ուժային, դիմացկունության, արագաշարժության, ցատկունակության զարգացման վարժությունների կատարման առանձնահատկությունների ու դրանց արդյունքների բարելավման մեթոդական ցուցումներ», «Փլուզված շինություններում փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կիրառվող շնչառական ապարատների բալոնների օդի ճնշման սպառման հաշվարկը», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպումը», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող ալպինիստական գույքը եւ հանդերձանքը», «Ալպինիստական գույքի եւ հանդերձանքի կիրառման ցուցումներ», «Առաջին բուժօգնություն», «Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հետախուզության իրականացումը, խնդիրները եւ անվտանգության ապահովման պահանջները» եւ այլն:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները