Հոկտեմբերի 26-ին ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մասնագետները մասնակցել են առցանց՝ տեսակապի ձեւաչափով անցկացված միջազգային երկու կոնֆերանսի: Գավառի պետական համալսարանի, Մոսկվայի կառավարման պետական համալսարանի, Ակադեմիկոս Միլիոնշչիկովի անվան Գրոզնիի պետական նավթային տեխնիկական համալսարանի, Սիեթլի ամերիկա-իսրայելական գիտամշակութային կենտրոնի եւ այլ կառույցների համատեղ ջանքերով կազմակերպվել էր «Կենսագործունեության արդի հիմնախնդիրներ՝ տնտեսություն, կառավարում, մշակույթ» թեմայով, իսկ Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիան» կազմակերպել էր «Կենսագործունեության ապահովման համակարգերի եւ կառույցների աշխատանքի կայունության ապահովման խնդիրները» թեմայով գիտաժողով: Գիտական այս հանդիպումներում զեկույցներ են ներկայացրել Հայաստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ այլ երկրների արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտի պետական լիազոր մարմինների եւ գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչները:

Քննարկված թեմաներն էին. «Կենսագործունեության ապահովման համակարգերի եւ կառույցների աշխատանքի կայունության ապահովման միջոցառումների կազմակերպչական խնդիրների վերլուծություն», «Կենսագործունեության ապահովման համակարգերի եւ կառույցների ճառագայթային եւ քիմիական մոնիտորինգի ժամանակակից մեթոդներ», «Կենսական կարեւորություն ունեցող օբյեկտների պաշտպանական մեթոդական մոտեցումներ», «Օդի աղտոտվածությունը՝ բնապահպանական անվտանգության սպառնալիք. պաշտպանական համակարգի կանխարգելիչ գործունեությունը» եւ այլն:

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» «Ճգնաժամային կառավարում» ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզաննա Ղարիբյանը ներկայացրել է «Աշակերտի մոտ անվտանգության մշակույթի ձեւավորման տեսակները, բաղադրիչները եւ չափանիշները» թեմայով զեկույց։

Լուսանկարը տրամադրել են դասախոսները