Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Կոպենհագենի Համալսարանական քոլեջի ներկայացուցիչներին՝ միջազգային բիզնես, ռիսկ և բիզնեսի շարունակականության դասախոս Յակոբ Թաարուպ-Էսբենսենին և դոցենտ Մարեն Էգեդորֆին:

Կողմերը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ու Կոպենհագենի Համալսարանական քոլեջի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) միջև շփումներին վերաբերող հարցեր:

Արտյուշ Գրիգորյանը նշել է, որ ակադեմիան նախարարության կարևորագույն կառույցներից է, նաև տեղեկացրել, որ այս տարի դիմումների թիվն աննախադեպ էր. ընդունվել է լավագույն 233-ը:

«Օրեր առաջ ԱԻՆ քաղաքային որոնողափրկարարական թիմը վերաորակավորվել է ՄԱԿ-ի խորհրդատվական խմբի՝ ԻՆՍԱՐԱԳ-ի միջազգային ստանդարտով: Մենք իսկապես ունենք անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, որպեսզի մեր ուսանողներն ու աշխատակիցները ստանան համապատասխան հմտություններ՝ գիտելիքներին զուգահեռ: Ուրախ ենք, որ այս ոլորտում եվրոպական ընտանիքի անդամ ենք: Սակայն մենք չենք ցանկանում բավարարվել ձեռքբերածով: Այս իմաստով Համալսարանական քոլեջի հետ համագործակցությունը չափազանց կարևոր է: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում դրա վերաբերյալ փաստաթուղթ կստորագրենք, օրինակ՝ հուշագրի տեսքով: Վստահ եմ, որ մենք կգնանք այդ ճանապարհով»,- նշել է Արտյուշ Գրիգորյանը:

Առավել մանրամասն՝ այստեղ