Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» էին այցելել Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի համալսարանական քոլեջի արտակարգ իրավիճակների եւ ռիսկի դեպարտամենտի դասախոսներ Յակոբ Թաառուփ-Էսբենսենն ու Մարեն Էգեդորֆը: Սա Կոպենհագենի համալսարանական քոլեջի ներկայացուցիչների արդեն երկրորդ այցն է ՃԿՊԱ: Առաջին այցը  2019 թվականի հոկտեմբերին էր,  սակայն կորոնավիրուսի համաճարակն ու պատերազմը ընդհատեցին սկսված ծրագիրը: Հիմա համագործակցությունը վերսկսվում է:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի, գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի հետ հանդիպման ժամանակ դանիացի գործընկերներն ասացին, որ ուրախ են ծրագրի վերսկսման առիթով, անցածը չեն մոռացել, զրոյից չեն սկսում: Համագործակցությունն ավելի առարկայական դարձնելու համար կողմերը հուշագիր կստորագրեն: Երկու ուղղություն արդեն հստակ է՝ դասախոսների փոխայցեր, ուսանողների փոխայցեր: «Դանիայի միջոցով կուսումնասիրենք աղետների ռիսկի կառավարման, ճգնաժամային կառավարման եվրոպական փորձը», – նկատեց ՃԿՊԱ ռեկտորը: Կողմերը համակարծիք էին, որ կարելի է կազմակերպել գիտաժողովներ, սեմինարներ: Շատ հետաքրքիր կլինի մագիստրոսական կրթություն ստացողների սեմինարը: Մագիստրոսն արդեն որոշակի թեմա է հետազոտում, սեմինարը նրան կօգնի էլ ավելի խորությամբ ուսումնասիրել թեման, իսկ մյուսներին գիտելիք կտա:

Դանիացի փորձագետներն ասացին, որ իրենց ուսանողները տարեկան երեք դաշտային գործնական դաս են ունենում: ՃԿՊԱ ուսանողներն էլ են նման դասեր ունենում եւ լինում են դեպքեր, երբ մասնակցում են փրկարարների վերապատրաստման գործնական պարապմունքներին: Համատեղ դաշտային դասերը օգտակար կլինեն երկու կողմերին էլ:

Կլիմայի փոփոխություններով պայմանավորված արկտիկական սառույցները հալվում են եւ հյուսիսային երկիր Դանիայում այս ռիսկի կառավարման մոդելներ եւ մեխանիզմներ են մշակվել: Այս մոդելը կարող է կիրառվել նաեւ Հայաստանում սողանքների կամ սելավային հոսքերի ռիսկերը կառավարելու նպատակով: Պետք է միայն տեղայնացնել:

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի համալսարանական քոլեջի ներկայացուցիչների հաջորդ այցը տեղի կունենա 2023 թվականի գարնանը կամ ամռանը : Այդ ժամանակ էլ կկնքվի համագործակցության հուշագիրը:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

 

Հ.Գ. Բացի դասախոսներից, Հայաստան եւ ՃԿՊԱ են այցելել նաեւ Կոպենհագենի համալսարանական քոլեջի ուսանողները: 2018 թվականին այցելած առաջին խումբը  ուսումնասիրում էր անօդաչու թռչող սարքերը ռիսկերի կառավարման եւ սեյսմիկ անվտանգության ոլորտներում կիրառելու հարցը: 2019 թվականին այցելած  երկրորդ խումբը  ուսումնասիրում էր արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամերի կառավարման Հայաստանի փորձը: