Սեպտեմբերի 4-ին «Կապուտակ Սեւան» լողափում կայացավ Savage of Sevan տրիաթլոնի ամենամյա առաջնությունը, որին մասնակցում էր 60 հոգի։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս կազմակերպիչները միջոցառման անվտանգությունը վստահել էին ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատին։ 1,9 կմ ձգվող լողի մրցման ընթացքում արտակարգ դեպքեր չեն գրանցվել։ Հերթապահությունն իրականացվել է 2 մոտորանավակով, վերջին լողորդն ափ է հասել մոտ 1 ժամ 20 րոպեում։

Savage of Sevan նախաձեռնության համահիմնադիր Առնո Մոսիկյանի խոսքով՝ 9 տարի շարունակ անցկացվում է տրիաթլոնի առաջնություն, եւ ջրափրկարարների զգոնության շնորհիվ ամեն ինչ բարեհաջող է ընթացել։ Մասնակիցների մեջ կան պրոֆեսիոնալ եւ ոչ այնքան արհեստավարժ լողորդներ։ Վերջիններս թիրախային խմբում են, ջրափրկարարները նրանց հետեւում են հատուկ ուշադրությամբ։

Այս տարի կային բավական մեծ թվով նորեկներ թե՛ էստաֆետային թիմերում, թե՛ անհատ լողորդների մեջ: Սեւանա լիճը ոչ ոքի անտարբեր չի թողել, ինչի մասին վկայում են հարյուրավոր արձագանքներն ու սոցցանցային գրառումները։

Առնո Մոսիկյանը հպարտանում է՝ իրենց շնորհիվ տարեցտարի լողն ու հեծանվավազքն այնքան սիրվեցին ու տարածվեցին, որ Հայաստանում արդեն հանրապետական մրցաշարեր են կազմակերպվում։ Առաջիկայում՝ սեպտեմբերի 10-ին, Savage of Sevan-ը նախատեսում է կարճ տարածությամբ տրիաթլոնի ընտանեկան մրցաշար ՝ 100 մետր լող, 10 կմ հեծանվավազք, 2 կմ վազք։ Մարդիկ առողջ կենսակերպի անցնելու եւս մեկ մոտիվացիա կունենան։

Առավել մանրամասն՝ այստեղ